Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ Փրկարարներն ու ոստիկանները, հետո նրանց միացած ԱԻն ջրասուզակները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, սակայն մթության ու անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքները կեսգիշերն անց դադարեցվել են։ Այսօր՝ հուլիսի 8-ին, վերսկսվել են։ Փրկարարներն ու ոստիկանները ջրամբարի տարածքում և դրա հարակից վայրերում հայտնաբերել են մեծ թվով մարդկային գանգեր, մարմնի ոսկորներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ամենը նշված վայրում հայտնվել է այն բանից հետո, երբ ջրի մակարդակի բարձրացման պատճառով մոտակայքում գտնվող հին գերեզմաններում փլուզում է տեղի ունեցել, ու այդ ամենը հայտնվել է բաց տարածքում։ Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
shamshyan.com