2020թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Իգդիր-Նախիջևան գազատարի Թուրքիայի հատվածի երկարությունը կկազմի 85կմ և դրա կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Նախիջևանի բնական գազի կարիքները։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ այս գազատարի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020թ. սեպտեմբերից։ Այժմ թուրքական կողմը նախապատրաստական աշխատաքները ավարտին է հասցրել:
Ավարտելով երթուղու նախագծման հետ կապված բոլոր աշխատանքները՝ Թուրքիան նոր գազատարի համար նախագծված տեխնիկական տվյալների հաստատման համար սպասում է ադրբեջանական կողմի համաձայնությանը: Նշվում է, որ շուտով ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերությունը համաձայնություն ստանալուց հետո կսկսի գազատարի նախիջևանյան հատվածի կառուցման աշխատանքները:
Հիշեցնենք, որ նախագիծն իրականացնում են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը:
ermenihaber.am