Նրանք, որոնք ապահովեցին ադրբեջանական ուժերի հաղթանակն արցախյան 44-օրյա պատերազմում, հենց այնպես՝ հանուն Ադրբեջանի չեն դա արել: Այս աշխարհում ոչ ոք ուրիշների համար ոչինչ չի անում եւ միշտ, երբ ինչ-որ բան է տալիս կամ ինչ-որ բան է կատարում քեզ համար, անում է հանուն սեփական հետաքրքրությունների բավարարման: Սա ճշմարտություն է, եւ կարեւոր չէ, թե համագործակցության վերաբերյալ մեկնաբանություններում ինչպիսի բառապաշար է օգտագործվում: Ավելին՝ նրա հետաքրքրությունների բավարարման ուղիները նախապես համաձայնեցվում են քեզ հետ, եւ դու հետո թաքնվելու կամ մանեւրելու հնարավորություններ չես ունենում:
Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկեր երկրի կարգավիճակի ձեռքբերման հնարավորության նկատմամբ: Ադրբեջանում շատերը համարում են, որ դա անհնար է՝ թվելով մի շարք պատճառներ: Նրանց թվում է նաեւ ադրբեջանական «Զերկալոյի» լրագրողը, որը չի կարողանում հանդուրժել «սեփական մեծության» հանկարծակի փլուզումը եւ կարծես հավատացել է, որ արցախյան պատերազմում իրենք՝ ադրբեջանցիներն են հաղթել:
Ցավոք, Ադրբեջանում ոչ ոք առայժմ երկրի իշխանություններին չի ստիպում պատասխանել, թե որքան են զոհերը մի պատերազմում, որը վարվում էր, իրենց իսկ խոսքերով, «սարսափելի թույլ» Հայաստանի նկատմամբ, որում իրենք վայելում էին Իսրայելի, Թուրքիայի, Պակիստանի, մահմեդական ու ոչ մահմեդական այլ երկրների աջակցությունն ու անմիջական մասնակցությունը: Հարեւան երկրում ոչ մեկին չի հետաքրքրում այդ հարցը, որովհետեւ մարդկանց կյանքն արժեք չէ, եւ ալիեւների իշխանության օրոք այդ մասին խոսելը զուտ ժամանակի անտեղի կորուստ է: Մարդկանց հավատացրել են, որ իրենք «ազգային» խնդիր են լուծել, մինչդեռ նման սարսափելի ուժ իրենց կողքին կուտակելով՝ ազատվելու համար հայերից ունեցած վախից, Իլհամ Ալիեւը գրեթե վաճառել է Ադրբեջանը, եւ այդ երկրի իշխանություններն «ազգային» խնդիր լուծելու փոխարեն ապազգային դերակատարություն են ունեցել՝ վերացնելով սեփական պետության ինքնիշխանությունը:
Հատուկ եմ ազգային բառն օգտագործում չակերտների մեջ, որովհետեւ նույնիսկ իրենք՝ ադրբեջանցիները, որոնք այդ բառը նվեր են ստացել Ստալինից ու այդ պահին հրճվել այնպես, ինչպես Ռոբինզոն Կրուզոյի վայրենին, որն առաջին անգամ լսում է, որ ինքը Ուրբաթն է, չգիտեն՝ ովքեր են իրենք, ինչու են այստեղ, որն է, ի վերջո, իրենց առաքելությունը Երկրի վրա:
Եվ հիմա այդ երկրում զարմանում են, որ ռուսներն իրենց տեսնում են ՀԱՊԿ-ի կողքին: Ոչ միայն զարմանում են, այլեւ գրում են ճանճերի ու կոտլետների մասին: «Ճանճերի ու կոտլետների մասին շատ է գրվել, բայց, միեւնույն է, ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք ստիպում են կրկնել այդ ակնհայտ միտքը: Այդպես եղավ նաեւ այս անգամ այն բանից հետո, երբ օրերս ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը պլանավորում է ստեղծել գործընկեր պետությունների ինստիտուտ, որը ՀԱՊԿ ԽՎ-ում կստանա խորհրդատվական ձայն»,- նշել է լրագրողը:
Այս պահի դրությամբ ՀԱՊԿ ԽՎ-ում ռազմական բլոկի երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Կան նաեւ դիտորդ երկրներ՝ Աֆղանստանն ու Սերբիան: Ըստ Վոլոդինի՝ նոր կարգավիճակը մեծ նշանակություն ունի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար: «Առավել եւս, որ ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակներում համագործակցությամբ հետաքրքրված են մի շարք պետություններ»,- շեշտել է Վոլոդինը: Իսկ մինչ այդ լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ նոր ձեւաչափով հետաքրքրված են մեծ թվով պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Պակիստանը:
Ադրբեջանական նշված լրատվամիջոցի աշխատակցի մտքի «փայլատակումները» բացահայտում են որոշակի նրբերանգներ, թե ինչպես են այդ երկրում ընկալում ժամանակի իրողությունները:
«Ինձ համար նույնիսկ անհարմար է հիշեցնել, որ Բաքվի պաշտոնական դիրքորոշումն ամենեւին էլ Դումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահը չպետք է հնչեցնի: Թե երբ, ինչ եւ ինչպես անել, մեր երկիրն ինքնուրույն կորոշի, առանց խորհրդականների: Բացի այդ, տարօրինակ է, որ պրն Կալաշնիկովը չի հասկանում, որ Ադրբեջանը չի լինի այն ռազմական կազմակերպություններում, որոնց անդամ է Հայաստանը… Ադրբեջանն առանց այդ էլ հիանալի հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, բացի Հայաստանից: Հենց այդ պատճառով հայկական կողմին չհաջողվեց ներգրավել նրանց ոչ 2016 թ. ապրիլյան պատերազմում, ոչ էլ 44-օրյա պատերազմում… Վերջապես՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն օրերս հայտարարեց, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը, կապված նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է եւ չի ընկնում Հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ… Հարց՝ Ադրբեջանն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան փոխի, ՀԱՊԿ-ի գործընկերոջ ինչ-որ կարգավիճակ ձեռք բերի: Առավել եւս, որ մեր երկիրը Չմիացման շարժման անդամ է, ռազմական բլոկների անդամ չէ ու չի լինի… Այդ իսկ պատճառով Կալաշնիկովի հայտարարությունը կմնա որպես օդի թեթեւակի ցնցում կամ ռուս առանձին քաղաքական գործչի չիրականացված հույս, որը պետք է ճանճերն առանձնացնի կոտլետներից: Ի դեպ, ոչ միայն նա»,- գրել է օդում սավառնող լրագրողը: Եվ այսպես՝ ադրբեջանցի լրագրողը վստահ է, որ իր պետությունը ՀԱՊԿ-ի կարիքը չի զգում, քանի որ «հիանալի հարաբերություններ ունի նրա բոլոր անդամների հետ, բացի Հայաստանից»: Համոզված է, որ չեն լինի որեւէ կազմակերպությունում, որի անդամ է Հայաստանը, եւ դա եւս մեկ անգամ հաստատում է այն իրողությունը, որ Ադրբեջանը տրամադրված չէ խաղաղության, ավելին՝ բոլոր առիթներն օգտագործելու է, որպեսզի հարված հասցնի մեր երկրին: Եվ, վերջապես, ոգեւորված է, որ Զասը Հայաստանի նկատմամբ հարձակումը գնահատել է որպես «սահմանային միջադեպ», հանգամանք, որը կանաչ լույս է վառելու իրենց հետագա հարձակումների ճանապարհին, ՀԱՊԿ-ի անդամներն էլ իրենց, այլ ոչ թե Հայաստանի բարեկամներն են…
Անկեղծ ասած՝ նա մի հարցում իրավացի է. ՀԱՊԿ-ն այս պայմաններում Ադրբեջանի ինչի՞ն է պետք… ՀԱՊԿ-ի ներկայությունը տարածաշրջանում ցանկալի կարող էր դարձնել միայն իր անդամի հաղթանակը պատերազմում, իսկ նրա պարտությունը վկայում է, որ կազմակերպությանն անդամակցությունը սեփական գոյության պաշտպանության երաշխիք չէ:
Ադրբեջանական հանրությանը շուտով հարգալից տոնայնությամբ, ավելի ճիշտ՝ ձեւականորեն այլ առաջարկներ էլ կներկայացվեն, որոնք իրականում պարտավորությունների կատարման պահանջ են լինելու: Ադրբեջանն արդեն կորցրել է իր ինքնիշխանությունը, եւ քամու թեթեւ ցնցում են նրա ներկայացուցիչների բոլոր այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանն ինքնուրույն կարող է արտահայտել իր դիրքորոշումը: Թուրքական բանակների հետեւից քարշ եկող, ազգություն չունեցող թաթարական խմբավորումները, որոնք հաստատվել են Աղվանքի ու Հայաստանի տարածքներում, սովորական գողեր են, որոնց ամեն օր պետք է հիշեցնել այդ մասին: Եվ այն օրը, երբ Ադրբեջանն իրավամբ ինքնուրույն կարծիք կունենա, կլինի վերջինն այդ պետության կյանքում, քանի որ տանտերը տուն կվերադառնա:
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
armenpress