Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների ժամանակաշրջանն ավարտվեց. Իգոր Դոդոն

 Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին հետևող ԵԱՀԿ և ԱՊՀ դիտորդները հայտարարել են, որ կիրակի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են ընդհանուր առմամբ բաց և մրցակցային, հիմնարար ազատությունները չեն խախտվել, չեն գրանցվել խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PDS), որը հաղթել է կիրակի Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, մոտ մեկ ամսից կարող է ձևավորել հանրապետության նախարարների նոր կաբինետ: Այդ մասին հայտնել է նախագահամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուն:

Նա նաև հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է համագործակցել հանրապետության օրենսդիր մարմնում ընտրված մյուս խմբակցությունների հետ, իսկ հիմնական խնդիրը համարում է արդարադատության մարմիններից քրեական տարրերի մաքրումն ու կոռուպցիայի դեմ պայքարը:

Ընտրություններում պարտված՝ Մոլդովայի սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնն էլ հայտարարել է, որ, եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների ժամանակաշրջանը: