Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները հուլիսի 10-ին՝ ծառայության ընթացքում նկատել են, թե ինչպես է Toyota Altezza մակնիշի մի ավտոմեքենա «դրայվ» անելով, «զվռնում» Երևան-Երասխ ավտոճանապարհին: Տեղում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի հանձնարարականով իրականացվում է «Սմետան» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ գիշերը 04:15-ի սահմաններում, նշված ավտոմեքենայի վարորդը, ով՝ վստահ լինելով իր անպատժելիության մեջ, անգամ տեսնելով, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում ծառայություն են կատարում ՃՈ ծառայողները, ինչը պարզ երևում է ոստիկանական ավտոմեքենաների միացրած «միգալկաներից», շարունակում էր «դրայվ» անելով վարել ավտոմեքենան: Ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են «գիշերային չղջիկին», ով, պարզվում է, ոչ միայն այդ պահին իր մոտ չի ունենում վարորդական իրավունքի վկայական, այլ նաև՝ ավտոմեքենան ապահովագրված չի եղել: Նույն պահին վարորդը գրպանից հանելով հեռախոսը, փորձում էր իրեն դնել «Ո՞վ է ուզում դառնա միլիոնատեր» խաղի հերոսի տեղը, ինչ-որ մարդու էր զանգում, որպեսզի ճանապարհային ոստիկանն իրեն բաց թողնի, սակայն նրա հեռախոսը մնաց օդում կախված: ՃՈ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի կարգադրությամբ ՃՈ ավագ տեսուչ Սուրեն Սահակյանը նրա ավտոմեքենան տեղափոխեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինախախտ վարորդը Երևանի բնակիչ, 31-ամյա Վահան Զադորյանն է:
shamshyam.com