Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի:
Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում։
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ: Այցին հրավիրվել էին 46 պետության դեսպաններ:
Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել էին այցելել Շուշի: Հիշեցնենք, նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ահամնախագահող երկրներն են: