Մայր Աթոռը անդրադարձել է Շուշիում Փաշազադեի հնչեցրած կեղծ հայտարարություններին

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Հայր Շահե Անանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի՝ Շուշիում արված կեղծ հայտարարությունները, ինչպես նաև խոսել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ ձևաչափով հնարավոր հանդիպման մասին:

 

Հոգեշնորհ Տեր Վարդապետ Անանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Շուշիում Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի հայտարարությունները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ, թե իբր այն ունի ոչ հայկական ծագում:

 

Մամուլից տեղեկացանք մի քանի օր առաջ Շուշիում Ադրբեջանի կրոնական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների առջև Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի կատարած հերթական կեղծ հայտարարություններին…Ի՞նչ կարող ենք ասել. դա Փաշազադեին բնորոշ ոճ է՝ իրողությունները մեկնաբանել սեփական շահերի ու ընկալումների համաձայն: Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման, հազարավոր ընտանիքների անօթևան մնալու, Արցախի թեմի հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ սրբապղծությունների և ավերածությունների մասին դատողություններ անելուց խուսափելով՝ Փաշազադեն հերթական անգամ վկայակոչում էր այսպես կոչված աղվանական-ուդիական եկեղեցու և նրա կրոնամշակութային արժեքների կեղծ օրակարգը:

 

Հայտնի է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գոյություն ունի եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափը, որի շրջանակներում նաև ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագիր: Արդյոք գործում է այդ ձևաչափը, հնարավո ՞ ր է, որ այդ ձևաչափով լինեն հանդիպումներ և քննարկումներ:

 

Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գործում է եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափ, որտեղ, հընթացս հանդիպումների, կրոնապետերի մակարդակով քննարկվել են Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու հնարավորությունները, և բնականաբար, նաև դրանց հարակից բազմաթիվ այլ հարցեր: Տակավին պատերազմական գործողությունների ընթացքում Վեհափառ Հայրապետը Կիրիլ պատրիարքին ուղղված առանձին նամակով իր պատրաստակամությունն էր հայտնել եռակողմ ձևաչափի շրջանակներում հանդիպելու Կովկասի մուսուլմանների առաջնորդի հետ՝ նպաստելու համար հրադադարի վերականգնմանը և տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը:

44-օրյա պատերազմից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնական նամակով դիմել էր Կիրիլ Պատրիարքին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ մեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշազադեի հետ հայ ռազմագերիների վերադարձի, ինչպես և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեր հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցը քննարկելու նպատակով։

Ինչ վերաբերում է Շեյխ ուլ Իսլամի հայտարարությանը ՄԱԿ-ի խողովակով հանդիպման ցանկության մասին, ապա դա թյուրընկալման արդյունք է։ ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ ԱՄՆ-ում հանդիպմանը վերջինիս կողմից Ադրբեջանի շեյխի հետ հանդիպման առաջարկին Հայոց Հայրապետը պատասխանել է, որ արդեն իսկ Կիրիլ պատրիարքին հայտնել է իր համաձայնությունը Մոսկվայում նման հանդիպման կազմակերպման համար: