Երեկ, հուլիսի 13-ին, կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 00։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը և ոստիկանության Գորիսի բաժնի պետ Ալեն Կարապետյան։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Սևակ Արզումանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, նրանք են՝ Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն Վարդանյանն ու Մելիքսեթ Բարսեղյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանին հարակից տարածքից։ Ըստ տեղեկությունների՝ նշված վայրում մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն է տեղի ունեցել որի ժամանակ էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից Հ․ Վարդանյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի Կարենի ընկերն է, իսկ Մ․ Բարսեղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ և արնանման հետքեր։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օրի 112հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
shamshyan.com