Երեւանի Տիգրան Մեծ 55/2, 55/3 հասցեներում շինարարական գործընթացներ են սկսվել: Նախկինում այդ հատվածում շատերին հայտնի Էրեբունի լիճն էր (Ուպրավլենիի լիճ): Սակայն ժամանակի ընթացքում արհեստական լիճը սկսել է չգործել, տարածքն էլ մաս-մաս օտարվել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ տարածքը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին:
Սույն թվականի հունիսի 22-ին էլ ավագանին «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշումներից մեկով հաստատել է Տիգրան Մեծ 55/2 հասցեի հողամասային նշանակությունը «ջրային» նշանակության հողերի կատեգորիայից փոխել «բնակավայրայինի»:
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ ժամանակին արհեստական լիճը նորմալ չխնամելու պատճառով այն արդեն 10 տարուց ավելի է՝ չի գործում, եւ ցավալի է, որ Երեւանի քաղաքապետարանը ոչինչ չարեց՝ այն վերականգնելու եւ պահպանելու համար: Իսկ ավագանու վերոնշյալ որոշմամբ էլ այդ հատվածում լճի գոյության մասին կարելի է ընդհանրապես մոռանալ:
«Նախ, պետք է պարզել, թե ո՞վ է թույլ տվել լճի հատվածում շինարարություններ անել: Ժամանակին պետության հաշվին տասնյակ տներ քանդեցին, տեղը լիճ սարքեցին, որ տարիներ հետո ինչ-որ մեկը գա, անհասկանալի պայմաններով դա առնի, տեղը շե՞նք սարքի»,- իր վրդովմունքը հայտնեց նախկին թաղապետը:
Ըստ Մնացականյանի՝ քաղաքապետարանը պարտավոր էր ուշադիր լինել եւ պիտի պայման դներ. եթե սեփականաշնորհում են տարածքը, ապա պարտավոր են լիճը պահպանել ու դրա մասին հոգ տանել: «Այդ հատվածի ճարտարապետական ամբողջական տեսքը նաեւ կամուրջն է, որը եւս օտարվել է: Քաղաքապետարանը նաեւ պիտի պարտավորեցնի պահպանել ու ամրակայել կամուրջը, սովետական ժամանակներից պահպանված սիմվոլիկ նշանակություն ունի դա»,- ասաց նա:
Մնացականյանը նաեւ շեշտեց՝ շատ ուրախ է, որ մարդիկ միլիոնների ներդրումներ են ուզում անել Երեւանում, բայց խնդիր է, թե որտե՞ղ ու ինչի՞ հաշվին են կառուցապատում իրականացնում: Իսկ քաղաքապետարանի՝ մայրաքաղաքի հանդեպ անտարբեր մոտեցումն ուղղակի ապշեցուցիչ է: «Լավ, ենթադրենք այդ ներդրողը շատ բան չի հասկանում քաղաքի ընդհանուր ճարտարապետական տեսքից, բա իրենք ինչի՞ համար են, որ ընդամենը մի քանի հոգով քաղաքի համար կարեւոր ու ճակատագրական հա՞րցեր որոշեն: Թող լիճը մնար, կողքն էլ շենքեր էին կառուցում, էլի կառուցեին: Չի կարելի թույլ տալ՝ լճի տեղը շենքեր կառուցեն»,- շեշտեց Մնացականյանը՝ օրինակ բերելով ամերիկյան ու եվրոպական երկրների օրինակը, որոնք միլիոններ են ծախսել՝ հին պատմական շինություններն ու տարածքները պահպանելու համար: Պահպանելով հինը՝ բարձրաճաշակ ձեւով կողքին կառուցել նորը:
Նա նաեւ նկատեց՝ շատ վատ սովորություն ենք դարձրել մի բան սարքելը, տարիներ հետո դա քանդելը, տեղը մի ուրիշ բան սարքելը: «Կայարանից մինչեւ հրապարակ ջրային ոչինչ չկա. ո՛չ ֆանտան, ո՛չ լիճ, ոչինչ: Քաղաքապետարանը պիտի հասկանա, որ իր գործառույթը միայն ժողովներ անելն ու տրանսպորտի կամ այլ մանր հարցերի մասին քննարկումները չեն: Քաղաքապետարանը պիտի որոշիչ դեր ունենա եւ գրագետ լուծումներով առաջնորդվի, քաղաքի ճարտարապետական տեսքը չխաթարի, միեւնույն ժամանակ չոտնահարվի հանրային շահը. «էրբունցիների (ուպրավլենցիների, մետաքսեցիների, սարիթաղցիների, կայարանցիների) կարծիքն ինչո՞ւ հաշվի չի առնվել: Այդ մարդկանց զրկել են համայնքային սեփականությունից,- նշեց նա:
Մնացականյանի խոսքով՝ Աջափնյակում եւ քաղաքի այլ վարչական տարածքներում քաղաքապետարանը քանդում է փոքրիկ կրպակներ, շինություններ, բայց թույլ է տալիս վերացնել մի ամբողջ լիճ, կառուցել հսկայական շինություններ, մեկ պատճառաբանությամբ, որ դա օրինական շինթույլտվություն ունի: «Եթե մի քանի նմանատիպ որոշումներ կայացնեն, մի քանի ամսում քաղաքը ձեռքից կգնա, դատարաններով էլ չենք կարողանա քանդել այդ շենքերը ու վերականգնել Երեւանի նախկին տեսքը»,- իր մտահոգությունը հայտնեց Կենտրոնի նախկին թաղապետը:
Մեր այցելության ժամանակ Տիգրան Մեծ 55/2, 55/3 հասցեներում շինարարական գործընթացներ էին, տարածքը թիթեղով փակված էր, մուտք չկար, բայց տեսանելի հատվածներից հնարավոր եղավ ֆիքսել, որ ակտիվ շինարարության մեկնարկ է տրված:
«Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարան հարցում էր ուղարկել՝ հասկանալու, թե ի՞նչ շինություն է այդ հատվածում կառուցվելու, քանի՞ հարկանի եւ ի՞նչ նշանակության շենքեր են լինելու:
Մեր հարցին ի պատասխան՝ հայտնել էին, որ տարածքի սեփականատերն է «Պարսամ եղբայրներ» ՍՊԸ-ն, հավելել, որ դեռեւս քաղաքաշինական որեւէ փաստաթուղթ տրամադրված չէ: «Ներկայումս քննարկվում է հասարակական նշանակության կառույցի համար նախատեսված թույլտվության հայտը, ըստ որի՝ պարզ կլինեն Ձեր հարցման մեջ նշված մյուս բաղադրիչները, ներառյալ՝ հարկայնությունը»,- նշել էին քաղաքապետարանից:
Սակայն 2 օր անց քաղաքապետարանի պաշտոնական էջում արդեն հրապարակվեցին նախատեսվող շինությունների մասին որոշակի մանրամասներ: Հայտարարության մեջ ասված է, որ «Պարսամ եղբայրներ» ՍՊ ընկերության սեփականություն հանդիսացող հողամասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր:
Համալիրը բաղկացած է լինելու 2 ստորգետնյա ավտոկայանատեղիից, 7 վերգետնյա հարկից՝ ընդհանուր հողամասի մակերեսով (որոնցից մեկը՝ տեխնիկական, երեքը՝ ավտոկայանատեղի, իսկ մնացածը՝ առեւտրային): «Նաեւ լինելու են 3 կետային աշտարակներ, որոնցից ամենաբարձրը, համաձայն էսքիզային նախագծի, կունենա 20 վերգետնյա հարկ»,- մանրամասնել են քաղաքապետարանից:
Համալիրի տանիքը նախատեսվում է կանաչապատել: Իսկ համալիրի ներսում նախատեսված են առեւտրի սրահներ, ավտոկայանատեղի, սննդի կետեր, բիզնես կենտրոն, ինչպես նաեւ՝ դրա սպասարկման համար անհրաժեշտ այլ օժանդակ տարածքներ:
Քաղաքապետարանից նաեւ հարցրել էինք լճի հատվածը պահպանվելու եւ վերականգնվելու որոշման մասին: Նշել էինք, որ պարզաբանեն. եթե լիճը չի պահպանվելու, ապա ինչո՞ւ հանրային քննարկում չի եղել:
Սակայն լճի լինել-չլինելու հարցին ստույգ պատասխան չենք ստացել, իսկ ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, նշել են. «Ըստ Երեւան քաղաքի ավագանու 16.03.2012 թ. հ. 405 Ն որոշման՝ սահմանված կարգի իրազեկումը կատարվում է վերոհիշյալ որոշման 6-րդ կետի՝ 3) եւ 7-րդ կետի 5) ենթակետով ամրագրված դրույթների՝ շինարարական հրապարակի կազմակերպման շրջանակներում»:
Քաղաքապետարանի մեջբերած վերոնշյալ որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետը ենթադրում է՝ կառուցապատվող օբյեկտին հարող տարածքում կամ դրան կից ճանապարհային երթեւեկության մասնակիցների, ինչպես նաեւ այլ անձանց անվտանգության, իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ իրազեկում ու պայմանների ապահովում:
Իսկ ինչ վերաբերում է մեջբերած վերոնշյալ որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետին, ապա կառուցաշինարարական հրապարակին կից՝ տեսանելի վայրում, կառուցապատողը պետք է փակցնի տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի մի շարք տեղեկություններ, մասնավորապես՝ կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր, շինարարության թույլտվության համար, ամսաթիվ, շինարարական աշխատանքների սկիզբը եւ ավարտը (ամիս եւ տարեթիվ) եւ այլն:
Մեր այցելության ժամանակ կազմակերպության փակցրած ցուցատախտակը տեսանելի չէր, դրա միայն մի չնչին հատվածն էր երեւում, քանի որ այն թիթեղյա ցանկապատի ներսում է, որն էլ բավականին բարձր է:
armitimes.com