ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ սահմանի լարվածության մասին

 Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը թվիթերյան իր հաշվում գրել է, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։

Արդեն մի քանի օր է` Երասխի սահմանագոտում կրակոցներ են հնչում: Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի տվյալ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինուժը նաև ականանետներ է կիրառել:

«Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերը հետ քաշելու և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու մեր կոչը։ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին», – նշել է Կլաարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակել է լարված մնալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

 

civic.am