Խաչատուր Սուքիասյանի եղբայր՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

 Քիչ առաջ Խաչատուր Սուքիասյանի եղբայր՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ 
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը երեկ ձերբակալվել էր Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Այս դեպքի հետ կապված երեկ հայտարարություն էր տարածել նաև Խաչատուր Սուքիասյանը՝ որում մասնավորապես նշել էր. 
«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»: