Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջ ստեղծված իրավիճակը, փոխանցում է Ermenihaber-ը։
Լավրովը շեշտել է, որ պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախատեսում են Կիպրոսում ստեղծել երկու գոտի ունեցող երկհամայնքային դաշնություն կղզու հունական և թուրքական համայնքների միջև և այդ ամենը բանակցությունների միջոցով:
Անդրադառնալով Վարոշայի հարցին՝ Լավրովը նշել է նաև, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կբերի իրավիճակի ապակայունացման և լրացուցիչ խոչընդոտներ կստեղծի Կիպրոսի խնդրի լուծման համար:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վարոշայի բացման ու բնակեցման վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել: Նշյալ հայտարարությունները քննադատել են Հունաստանը, Կիպրոսը, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը և Ֆրանսիան։