Ռուսաստանը շահագրգռված է Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցում և ձգտելու է դրան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է ՀԱՊԿ շրջանակներում Կենտրոնական Ասիայի հարևանների հետ համագործակցության մասին՝ գրում է vesti.ru-ն:
«Մենք շատ վստահ ենք, որ ոչ ոք չի մտածի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի ուժը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,- շեշտել է Լավրովը:
Լավրովը նաև նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում, որն առաջացել է ամերիկյան զինված ուժերի հեռանալուց հետո, պետք է մտածի ոչ թե իշխանությունը պահելու, այլ երկրի ապագայի մասին: Մասնավորապես, սկսել բանակցություններ թալիբների հետ, որոնք, ըստ որոշ աղբյուրների, արդեն վերահսկում են Աֆղանստանի տարածքի 70-80 տոկոսը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Թալիբանը» Աֆղանստանում խաղաղության պայման է համարել երկրի գործող նախագահ Աշրաֆ Ղանիի հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը: Սակայն շարժման ներկայացուցիչը ավելի ուշ հերքել է այդ լուրը: