Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները. Ժոնաթան Լաքոտ

Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները. Ժոնաթան Լաքոտ

Lacot

 Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Ըստ «Արմենպրեսի», Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում`  Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասաց Լաքոթը:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասաց, որ իսկապես 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ նա պարտավորվել է վերադառնալ Հայաստան:

«Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը այց կկատարի այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասաց Լաքոթը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին: