Հայաստանում անօդաչու թռչող սարքերի համար օդանավակայան կառուցելու գումարը հավաքվել է: Նախատեսվում է, որ նոյեմբերի կեսերին այն արդեն պատրաստ կլինի:
Դրամահավաքը սկսվել էր հուլիսի 12-ից՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում. անօդաչու թռչող սարքերի օդանավակայանը կկրի ՏՏ ոլորտի գործիչ, լուսահոգի Կարեն Վարդանյանի անունը: Անհրաժեշտ գումարի չափն էր 110 հազար 286 դոլար, սակայն այս պահի դրությամբ հանգանակվել է՝ 117 հազար դոլարից ավելի:
Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը: Օդանավակայանը նախատեսվում է կառուցել Լոռու մարզի Լեռնապատ համայնքում:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանի հետ: Armtimes.con
— Պարո՛ն Վարդանյան, 2 շաբաթվա ընթացքում հանգանակվեց ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը: Որքա՞ն մարդ մասնակցեց հանգականությանը: Սպասո՞ւմ էիք, որ այսչափ կարճ ժամանակահատվածում կհավաքվի:
— Ես մտածում էի, որ էլ ավելի կարճ ժամանակահատվածում ենք հավաքելու այդ գումարը, քանի որ համոզված եմ, որ գիտակից մարդիկ ավելի շատ են մեր երկրում: Մոտավորապես մասնակցել են 2800 հոգի, բայց լավ կլիներ, որ մասնակցեր 10 800 կամ 50 800-ը: Թող ավելի փոքր գումարներով լիներ, բայց մարդիկ ջանք ներդնեին: Այստեղ միայն գումարի խնդիրը չէ, մարդը մտածված իր 500 դրամը տալիս է եւ ասում՝ ես պետք է ունենամ ԱԹՍ օդանավակայան:
Մի թոշակառու կին ինձ զանգահարեց եւ ասաց՝ կարող եմ 500 դրամ գումար փոխանցել, ասացի գումարի չափը կապ չունի: Ակամայից հուզում է, երբ նկատում ես, թե ինչպիսի ուշադրության ես արժանանում:
— Պետական մակարդակով օգնություն եղե՞լ է ծրագրի հարցով կամ պատրաստվո՞ւմ եք դիմել ինչ-որ աջակցության համար:
— Պետական մարմինները աջակցելու ցանկություն ունեցել են, հարցրել են, թե ինչով կարող են օգնել: Գրավոր դիմել ենք ԲՏԱ նախարարություն, քանի որ շենքի կառուցման նպատակով որոշ հարցեր կան, եւ ծախսը շատ է: Սեպտեմբերին էլ ԱԹՍ մրցումներ ենք անցկացնելու արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու Ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Այս գործը սկսել ենք ընկերներով, մեզ միացել են «Արմաթ» լաբորատորիաների երեխաները:
— Ո՞րն է այս օդանավակայանի կառուցման հիմնական նպատակը: Ի՞նչ աշխատանքներ են մինչ այժմ տարվել, եւ ե՞րբ է դրամահավաքի հանգանակություններն իր պտուղները տալու:
— Վերջնական նպատակը այն է, որ օդանավակայանը ծառայի որպես տեխնիկական բազա բոլոր հետաքրքրված անձանց համար, որոնք զբաղվում են անօդաչու թռչող սարքերով: Այսինքն՝ մարդիկ կարողանան տեղում ԱԹՍ-ին խնդիրներ առաջադրել, փորձարկումներ կատարել: Իսկ թռիչքուղին կարող է ծառայել որպես Հայաստանում գործող ԱԹՍ խմբակների եւ մասնագիտական ընկերությունների կենտրոն: Առաջին պտուղները, կարծում եմ, արդեն ստանում ենք, երեխաները գալիս, փորձարկումներ են անում:
— Որքանո՞վ է վերջին պատերազմն ազդել այս գաղափարի իրականացմանը:
— Եթե հետեւել եք իմ եղբոր՝ Կարեն Վարդանյանի գործունեությանը, նա 2015 թվականին ուղիղ տեքստով ասաց՝ պաշտպանության նախարարը հենց վաղը պետք է հրաման արձակի եւ ստեղծի ԱԹՍ զորքեր, որպեսզի դիմակայենք հաջորդող պատերազմին: Դա տեղի չունեցավ, չեմ ուզում խորանալ, թե ինչու, ովքեր էին պատասխանատու:
Այս պատերազմի ընթացքում միջնեկ եղբայրս առաջնագիծ էր գնացել ու տեսել, թե ինչպես են զինվորները անակնկալի գալիս ԱԹՍ-ից, այդտեղից գաղափար եկավ, որ պետք է անպայման զբաղվել այս հարցով: Պատերազմի 10-րդ օրը դրամահավաք կազմակերպեցինք ԱԹՍ խմբակներ ստեղծելու համար, եւ այսօր արդեն գործում է 1 խմբակ. պլանավորում ենք, որպեսզի ՀՀ-ում գործի 60 խմբակ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ:
— Ինչպե՞ս է ընտրվել օդանավակայանի կառուցման վայրը:
— Քանի որ ի սկզբանե հիմնադրամը որոշել է Վանաձորում ստեղծել Կարեն Վարդանյանի ԱԹՍ կենտրոն, որը մոտ ժամանակներս կառուցվելու է, մեզ պետք էր հասկանալ, թե ԱԹՍ-ները որտեղ են փորձարկվելու: Լոռու մարզի բոլոր գյուղերն այցելեցինք ու ամենահարմարը Լեռնապատ գյուղն էր, որը գտնվում էր մոտ 7-8 կիլոմետրի վրա: Տեղանքը շատ հարմար էր, քանի որ գյուղն էլ ասֆալտապատ ճանապարհ ունի եւ Վանաձորից շատ արագ կարող ես հասնել այնտեղ, որոշեցինք հենց այդտեղ հիմնել օդանավակայանը:
— Ի՞նչ ԱԹՍ-ներ են փորձարկվելու, կարո՞ղ ենք ասել, որ սա նաեւ մեկնարկ է, որպեսզի տեխնոլոգիական հանրությունը սկսի նաեւ բարձրակարգ ԱԹՍ-ներ արտադրելու ուղղությամբ աշխատել:
— Իհարկե, եթե կողքից նայենք, սրանք առաջին քայլերն են, բայց մենք պետք է մի օրվա մասին չմտածենք, այլ՝ 10-20 տարվա: Հուսամ, որ արդեն մյուս տարի, երբ մենք խոսենք այս թեմայով, կտեսնենք, որ շատ մեծ փոփոխություն է տեղի ունեցել թե՛ երեխաների ուսման, թե՛ այս ուղղության հանդեպ ընդհանուր մոտեցման մեջ:
— Ստացվում է, որ օդանավակայանը ստեղծվում է անվճար ԱԹՍ-ների փորձարկման եւ ուսուցանման համար ու վերաբերելու է բոլորի՞ն:
— Այո, կան խմբակներ, որոնք նույնպես ցանկություն են հայտնել գալ, փորձարկել, ու այդ ամենն անվճար է լինելու:
— Ե՞րբ է նախատեսվում սկսել եւ ավարտել շինարարական աշխատանքները:
— Մենք ուզում ենք աշխատանքները սկսել սեպտեմբերի առաջին շաբաթվանից: Շենքի կառուցումը կտեւի մոտ 30- 45 օր, իսկ ներքին հարդարման աշխատանքները՝ գուցե 2-3 ամիս: Հուսամ, որ նոյեմբերի կեսերին մենք արդեն կունենանք պատրաստի օդանավակայան, որտեղ կհյուրընկալենք, թե՛ թիմերին, թե՛ մասնագետներին: Հնարավորություն կտանք, որ մարդիկ կիսվեն իրենց գիտելիքներով:
— Զինված ուժերի հետ համագործակցություն կա՞, որպեսզի այդ օդանավակայանում հետագայում ԱԹՍ-ներ փորձարկվեն:
— Մինչեւ հիմա նման առաջարկ չի եղել, բայց մենք պատրաստ ենք, ոչ մի խնդիր չկա:
Եթե նախարարությունը ցանկություն ունենա օգտագործել այս տարածքն իր ԱԹՍ-ները փորձարկելու համար՝ խնդիր չէ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր հնարավորությունները լինեն բոլորի համար: