Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով իր արտահայտությունների պատճառով Ադրբեջանի կողմից տրված նոտան, հիշեցրել է խոսքի ազատության մասին: Ինչպես փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ժիրինովսկին նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իմաստուն ղեկավար է անվանել։ «Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, ավելի լավն էր։ Ես գովել եմ և՛ Իլհամ Ալիևին, և՛ նրա հորը։ Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ վատ են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք ինչ-որ բան չգիտեն խոսքի ազատության մասին»,- եզրափակել է Ժիրինովսկին։ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա են հանձնել երկրի մասին Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Ավելի վաղ քաղաքական գործիչը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին, հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է: