Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:
Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։
Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում: