Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Գարուն Թումանյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածի հողաթմբին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Հայրապետյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Թումանյանը աշխատում է «Քարավան» ռեստորանային համալիրում՝ որպես ավագ խոհարար:
shamshyan.com