Թուրքիան ցանկանում է հնարավորության դեպքում 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան՝ մեծ չափերի հասած հրդեհները մարմանն աջակցելու նպատակով:
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Քննարկում ենք Հունաստանի կողմից ներկայացված հրշեջ ինքնաթիռի հայտը: Մեզ մոտ առկա հրդեհների թուլանալուն զուգահեռ եթե կարողանանք Հունաստանի այդ դիմումին կընդառաջենք»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այս թեմայով հայտարարություն է արել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Վերջինս սոցցանցում արած գրառման մեջ տեղեկացրել է, որ խոսել է թուրք պաշտոնակցի հետ, ով խոստացել է 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անտառային հրդեհների ամենաուժգին տարածվելու օրերին Հունաստանը պատրաստակամություն էր հայտնել հրշեջ ինքնաթիռ ուղարկել Թուրքիա, սակայն իր տարածքում էլ անտառային հրդեհներ բռնկվելու պատճառով չէր կարողացել ուղարկել:
Հուլիսի 28-ից Թուրքիայում սկսված անտառային հրդեհների շուրջ 250 օջախ է մարվել: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի՝ այժմ միայն երկու նահանգում են մնացել հրդեհի օջախներ, 2-ը Մուղլայում, 1-ը Այդընում:
Աղբյուր` Ermenihaber.am