Այսօր շատ կայքեր և հավելվածներ թույլ են տալիս ստեղծել ռեզյումե օնլայն, և թվում է, թե ռեզյումե կազմելու հետ կապված այլևս ոչ մի խնդիր չկա. ձևավորումն ու կառուցվածքը պատրաստ է, մնում է միայն լրացնել համապատասխան տվյալները: Ու թեև բավական հեշտ է անվճար ստեղծել ռեզյումե առցանց, այնուամենայնիվ, կարևոր է ուշադրություն դարձնել որոշ հանգամանքների, որոնց անտեսումը կստիպի գործատուին շրջանցել ձեր ռեզյումեն: Եւ այսպես, հինգ խորհուրդ այն մասին, թե ինչպես կազմել գրագետ ռեզյումե և խուսափել տարածված սխալներից:
- Թերի կոնտակտային տվյալներ կամ դրանց բացակայություն: Սա թերևս ռեզյումեի ամենակարևոր կետերից մեկն է: Պատկերացրեք, գործատուն հավանություն է տվել ձեր թեկնածությանն ու փորձում է հրավիրել հարցազրույցի, սակայն պարզվում է, որ հեռախոսահամարն անհասանելի է: Էլկտրոնային փոստով կապվելու տարբերակ չկա, քանի որ չեք նշել: Եվ դուք կորցնում եք պոտենցիալ աշխատանքը:
Նման իրավիճակում չհայտնվելու համար նշե՛ք առնվազն երկու հեռախոսահամար, որով կարող են կապվել ձեզ հետ, քանի որ հնարավոր է՝ ինչ-որ պահի դրանցից մեկնումեկը տեխնիկական պատճառներով հասանելի չլինի: Համոզվե՛ք, որ հեռախոսահամարները ճիշտ եք նշել: Եթե որպես երկրորդ հեռախոսահամար նշում եք ընկերոջ, կնոջ, ամուսնու կամ ծնողների հեռախոսահամարները, անպայման զգուշացրե՛ք նրանց, որ հնարավոր է զանգ ստանան, այլապես գործատուից զանգ ստանալով՝ հնարավոր է շփոթվեն և շփոթության մատնեն նաև գործատուին՝ ձախողելով աշխատանք ստանալու ձեր հնարավորությունը:
Եթե չունեք էլեկտրոնային փոստ, անպայման ստեղծեք և ներառեք ձեր ռեզյումեի մեջ: Որոշ գործատուներ նախընտրում են կապը պահել էլեկտրոնային փոստի միջոցով: Հիշե՛ք, որ էլեկտրոնային փոստի հասցեն նույնպես պետք է ներկայանալի լինի. anu.lik78.00@yandex.ru, janhoparjanjan@rambler.ru և նմանատիպ հասցեներն անլուրջ տպավորություն են թողնում:
-
- Անհամապատասխան լուսանկար: Լուսանկարը գործատուին օգնում է պատկերացում կազմել թեկնածուի մասին, հասկանալ, թե ում հետ է գործ ունենալու, հետևաբար և՝ նպաստում հարցազրույցի կանչելու հավանականությանը: Սա, իհարկե, այն դեպքում, երբ ռեզյումեում տեղադրված է ճիշտ լուսանկար: Ոչ տեղին լուսանկարներն, ընդհակառակը, նվազեցնում են հարցազրույցի հրավիրվելու հավանականությունը: Ռեզյումեի մեջ պետք չէ տեղադրել լուսանկար, որտեղ դուք երեկոյան սանրվածքով և դիմահարդարմամբ եք, պետք չէ կտրել ընկերական հավաքույթի խմբակային նկարներից հատվածներ, որտեղ ձեր դեմքը կիսով չափ է երևում, կամ երևում են ընկերների ուսերը, մազերը և այլն: Տեղադրե՛ք պարզ լուանկար, որում դուք կոկիկ տեսք ունեք, հագնված եք առօրյա աշխատանքային հագուստ՝ ոչ շքեղ, և ոչ էլ սպորտային կամ առտնին:
- Հաստիքին չհամապատասխանող ռեզյումե: Մի՛ ուղարկեք ռեզյումե այն հաստիքի համար, որին չեք համապատասխանում: Եթե որոշել եք կազմել cv, համոզվեք, որ այն ուղարկելու եք ձեր փորձին ու հմտություններին համապատասխանող հաստիքի համար: Նախքան ռեզյումեն ուղարկելն ուսումնասիրե՛ք պահանջվող հաստիքը, համոզվե՛ք, որ պատկերացնում եք տվյալ աշխատանքը, ծանոթ եք աշխատանքային պարտականություններին և համապատասխանում եք գործատուի ներկայացրած պահանջներին: Փորձե՛ք ճիշտ գնահատել իրավիճակը, հիշե՛ք, որ գործատուներին կարող է նյարդայնացնել աննպատակ ու անհամապատասխան ռեզյումեն:
- Առանց թեմայի և ուղեկցող նամակի, անանուն ռեզյումե: Էլեկտրոնային փոստով ուղարկված ռեզյումեներն անլուրջ տպավորություն են թողնում, երբ բաց է թողնվում թեմայի դաշտը: Միևնույն տպավորությունն է, երբ նամակի մեջ չկան ուղարկվողի տվյալները, իսկ ռեզյումեի ֆայլ էլ կրում է, օրինակ, CV(3).pdf, resume(1).doc և նմանատիպ անվանում: Սա կարծես հուշում է գործատուին, որ ուղարկողը լուրջ չի մոտենում իր իսկ դիմումին և ռեզյումեն ուղարկել է հենց այնպես: Բնականաբար, համապատասխան ռեակցիա է առաջանում նաև գործատուի մոտ, որը կարող է պարզապես անտեսել ձեր դիմումը: Ռեզյումեն ուղարկելիս անպայման թեմայի դաշտում նշե՛ք հաստիքը, որի համար դիմում եք: Նամակի դաշտում կարող եք մեկ-երկու նախադասությամբ ներկայանալ և նշել, թե ինչու եք դիմում տվյալ աշխատանքի համար: Ռեզյումեի ֆայլը նույնպես անվանափոխեք, ավելացրեք ձեր անունը, օրինակ՝ CV_MariamMuradyan.pdf, resume_KarenKarapetyan.doc: Այս ամենը հուշում են, որ դուք լուրջ եք վերաբերվում ձեր դիմումին և գործատուին էլ տրամադրում են հարգանքով վերաբերվելու ձեր հայտին:
- Սխալ, չափազանցված տվյալներ: Հաճախ տպավորություն թողնելու համար շատ դիմորդներ ստեղծում են ճոխ ռեզյումե՝ ներկայացնելով չափազանցված տվյալներ: Հիշե՛ք, որ այն ամենը, ինչը ներկայացնում եք ռեզյումեի մեջ, մի օր պետք է ցույց տաք գործնականում: Հարցազրույցի ժամանակ կամ հենց աշխատանքի ընդունվելուն պես ամոթով չմնալու համար եղեք ազնիվ ու ադեկվատ գնահատեք սեփական փորձն ու հմտությունները: Նշե՛ք այն գիտելիքներն ու հմտությունները, որոնց իսկապես տիրապետում եք, այլ ոչ թե լսել եք ականջի ծայրով: Փորձե՛ք կենտրոնանալ այն փորձի և հմտությունների վրա, որոնք առավել համապատասխանում են այն հաստիքին, որի համար դիմում եք:
Հուսով ենք, որ նշված խորհուրդները կօգնեն գտնել ձեր երազանքի աշխատանքը: Միշտ լավատես եղեք և ձգտեք կատարելության: