Հարց․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
Պատասխան․ Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։
Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` Արցախի կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության և պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի։
Թերևս, մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր Ադրբեջանը տևական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով կողմնակալության մեջ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու և հարցը քաղաքականացնելու պրակտիկան հիմա էլ շարունակվում է: Հիշեցնենք նաև, որ դեռևս 2020թ․ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։
Հարկ է նշել, որ Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։
Արցախի վտանգված մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի՝ այն պատշաճ կերպով պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը:
Հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ: