Վրաստանում մոտ ժամանակում կսկսվի կորոնավիրուսի դեմ 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումները։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, գրում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը։ Գերատեսչությունում վստահ են, որ երկրում երեխաների պատվաստումը կնպաստի համաճարակի վերջ դնելուն։ «12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը կարևորագույն պահերից է, որը մեզ մոտեցնում է համաճարակի ավարտին։ Պատվաստումների կոմիտեն կդիտարկի այդ հարցը, և որոշումը կկայացվի 2-3 շաբաթից։ Եվրոպական մի շարք երկրներ դա անում են, և մենք հաշվի կառնենք նրանց փորձը»,- ասել է Գաբունիան։ Նրա խոսքով՝ 12 տարեկանից երեխաների պատվաստումը Վրաստանում կիրականացվի միայն ծնողների ցանկությամբ ու որոշմամբ։ Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Վրաստանում պատվաստում կարող են անել 16 տարեկանից բարձր մարդիկ։ Նրանց համար հասանելի է միայն Pfizer պատվաստանյութը։ 18 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են ընտրել Sinopharm, Sinovac, Pfizer պատվաստանյութերի միջև։ AstraZeneca պատվաստանյութը հասանելի է միայն 45 տարեկանից բարձրների համար։ Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում պատվաստվել է 1 038 292 մարդ։
Տաթև Ֆռանգյան
factor.am