Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին, Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել Opel-ին, կան վիրավորներ

  Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ավտոճանապարհի սկզբնամասում՝ ձախակողմյան հատվածում, բախվել են Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որից 1-ը, ով անչափահաս է, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։  Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ն, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին։   

 

shamshyan.com