Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային։
Լրատվամիջոցի անդրադարձի համաձայն՝ հայազգի Հակոբ Գազազյանի մշակած բարենորոգման ծրագրով օսմանյան փադիշահի անձնական գանձարանը, որը սնանկացման եզրին էր հասել և կուտակել էր 370 հազար լիրա պարտք, արմատապես բարեփոխվել է՝ վերածվելով նախարարության։ Հակոբ Գազազյանի շնորհիվ կարճ ժամակահատվածում՝ շուրջ 1 տարվա ընթացքում, սուլթանի եկամուտներն աճել են 30 անգամ։
Սուլթան Աբդուլ Համիդը Հակոբ Գազազյանին, որը նրա կողքին է եղել գահ բարձրանալուց ի վեր, շնորհել է փաշայի տիտղոս։
«Իր ողջ կյանքի ընթացքում Հակոբ փաշային շքանշանների և ընծաների մեջ ողողած սուլթանը, գահընկեց արվելուց հետո անգամ նրա երախտագիտությամբ է հիշել»,-գրել է լրատվամիջոցը։
Հակոբ փաշայի մահվանից հետո սուլթան Աբդուլ Համիդն իր անձնական կարողության կառավարումը վստահել է հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Միքայել Փորթաքալ փաշային։
ermenihaber.am