Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական լրատվամիջոցին Արարատ Միրզոյանի տված հարցազրույցին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցին արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Մասնավորապես, այդ երկրի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «դեռևս պատրաստ չէ բարիդրացիության քաղաքականությանը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարարը կրկնել է պաշտոնական Երևանի ավանդական դիրքորոշումը, որը «հակասում է միջազգային իրավունքին՝ արտացոլելով տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ», գրում է Factor.am-ը:

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման կողմնակից է»,- ասել է Աբդուլաևան։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր․ «Այս տարվա մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է, և իրավիճակը պետք է լուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ»։