Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում. Ձայնագրություն․ fip.am

Օրերս «Փաստերի ստուգման հարթակ» է դիմել Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը և հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը իրենից կաշառք է վերցրել աշխատանքի ընդունելու համար, այժմ էլ պահանջում է աշխատավարձի մի մասը: Ուսուցչուհին ներկայացրել է ձայնագրություններ, որոնց բովանդակությունից ակնհայտ դարձավ նրա պատմածի իսկությունը:

1500 դոլար՝ աշխատանքի ընդունվելու համար

Ուսուցչուհին նշում է, որ 2019 թվականին տնօրենն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել ու ստացել է 1500 դոլարի չափով կաշառք: Այդ կաշառքը (այն անվանելով «շնորհակալություն») 2021 թ. ապրիլի 6-ին կատարած ձայնագրությունում ուսուցչուհին քննարկում է տնօրենի հետ՝ բողոքելով, որ չնայած դրան, իրեն տնօրենն այժմ չի ներառում երկարօրյա դասընթացների մեջ և թողնում է շատ փոքր աշխատավարձ: Կաշառքի մասին լսվում է ուսուցչուհու՝ ուսմասվար Հասմիկ Կանջարովայի հետ ապրիլի 8-ին կայացած խոսակցության ձայնագրությունում:

Տնօրեն Մարինա Մալախյանը, իր հերթին, ձայնագրությունում ասում է, որ ուր էլ գնար, «այդ «շնորհակալությունը» տալու էր», այնինչ ուսումնական գծով փոխտնօրեն Հասմիկ Կանջարովան իր խոսքում լեգիտիմ էր համարում ուսուցչուհու պահանջները և միջնորդի դեր ստանձնում: Մեկ այլ խոսակցությունում ուսուցչուհին սկսում է հետ պահանջել աշխատանքի ընդունման համար տրված գումարը և պնդում, որ թեև այլ դպրոցներում ևս աշխատանքի ընդունման համար կաշառք են ուզում, բայց դրա դիմաց ապահովում են աշխատանքով։ Իսկ այս դեպքում, փաստացի, որոշ ժամանակ անց նա մնացել է առանց աշխատանք: Այդուհանդերձ, ուսուցչուհու ու տնօրենի վեճի հիմնական առարկան աշխատանքի ընդունման կաշառքը չէ:

Աշխատավարձի մի մասը՝ «ատկատ»

Ուսուցչուհու խոսքով՝ աշխատանքի ընդունվելու առաջին տարում ունեցել է շաբաթական ութ դասաժամ և երկարօրյա լրիվ դրույք զբաղվածություն։ Սրա համար Մելինե Հակոբյանը ստացել է 107 հազար դրամ աշխատավարձ։ Այդ ուսումնական տարում տնօրենը ոչինչ չի պահանջել Մելինե Հակոբյանից՝ «մեծահոգաբար» թույլ տալով վերջինիս փակել ընդունվելու համար հայթայթած գումարից առաջացած պարտքերը։

Հաջորդ ուսումնական տարում տնօրենն ավելացրել է ուսուցչուհու ժամաքանակը՝ 8-ից դարձնելով 13 դասաժամ։ Սրա համար Մելինե Հակոբյանը ստացել է 135-138 հազար դրամ աշխատավարձ, որից 100 հազարը պահել է իրեն, մյուս մասը՝ տնօրենի պահանջով, տվել վերջինիս։ Մի քանի ամիս անց տնօրենը, պատճառաբանելով, թե աշակերտների ծնողները բողոքել են Հակոբյանից, վերցրել է Հակոբյանին տված 13 դասաժամից 5-ը և տվել ուսուցչի օգնականի հաստիքում աշխատողներից մեկին, սակայն քանի որ վերջինս չունի դասավանդելու իրավունք, աշխատավարձը շարունակել է ստանալ Մելինե Հակոբյանը և յուրաքանչյուր ամիս՝ սկզբում 20 հազար, այնուհետև 7 հազար դրամ փոխանցել ուսուցչի օգնականին։ Այս ամենից հետո տնօրենն իր մոտ է կանչել Հակոբյանին և պահանջել ավելացնել իրեն տրվող գումարը։ 

Նախորդ ուսումնական տարում ուսուցչուհին ներգրավված էր նաև երկարօրյա ուսուցման մեջ, որի համար վարձատրվում էր: Երկարօրյա ուսուցումը, սակայն, ըստ ամենայնի, չկար: Այսինքն, դրա համար աշխատավարձը դուրս էր գրվում, բայց այն չէր իրականացվում (երկարօրյա կրթությունը դպրոցների կողմից տրամադրվող լրացուցիչ ծառայություն է, որը բավականին քիչ է կանոնակարգված իրավական ակտերով):

Ապրիլի 29-ի ձայնագրությունում, որտեղ լսվում է ուսուցչի, տնօրենի ու ուսմասվարի խոսակցությունը, ուսուցչուհին տնօրենին հերթական անգամ ասում է, որ պարբերաբար վճարել է պահանջված գումարը, որին ի պատասխան տնօրենն ասում է՝ ուսուցչուհին դեմ չի եղել դրան: Այդ խոսակցությունում ուսմասվարը նույնիսկ սկսում է հաշվել, թե որ ամսում ուսուցչուհին որքան գումար է «վերադարձրել» աշխատավարձից: Իսկ մեկուկես ժամ տևած խոսակցության վերջում տնօրենն ասում է՝ «պրեստուպնիկների մասնակցություն ա սա… ինձ դատ ա հասնում»:

«Դրվածքը» դպրոցում

Մելինե Հակոբյանի կողմից տրամադրված ձայնագրություններում հստակ լսվում է, թե ինչպես է տնօրենը ուսուցչուհուն վիրավորում, այդ թվում՝ անձնական վիրավորանքներ հասցնում՝ անդաստիարակ, անկիրթ և այլ վիրավորական բնորոշումներով։ Շատ հաճախ թույլ չի տալիս ուսուցչուհուն խոսել կամ ընդհատում է, նրա հետ խոսում է «դու»-ով այն դեպքում, երբ ուսուցչուհին իր հետ խոսում է բացառապես «դուք»-ով կամ անուն-հայրանունով։

Տնօրենը հնչեցնում է այնպիսի հարցեր, որոնք ոչ միայն իրեն կամ դպրոցին որևէ կերպ չեն առնչվում, այլ նաև կոռեկտ չեն։ Օրինակ՝ Մելինե Հակոբյանին հարցնում է, թե արդյո՞ք նրա ամուսինը չի հարցնում, թե որտեղի՞ց իրեն այդքան աշխատավարձ։ Մեկ այլ դեպքում հարցնում է, թե ուսուցչի խնամքի տակ գտնվող ծնողներին ինչո՞ւ նրա քույրերը չեն խնամում, և այլն։

Տնօրենի մեկնաբանությունը

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի հետ՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք տնօրեննը գումար է վերցրել ուսուցչուհուց նրան աշխատանքի ընդունելու համար, իսկ հետո էլ՝ մաս պահանջել աշխատավարձից:

Հնչեցրած հարցերին ի պատասխան տնօրենը բավական երկար ներկայացնում էր իր անցած ուղին, ընտանիքի և դպրոցի պատմությունը, հաջողությունները և մի քանի անգամ նույն հարցը տալուց հետո միայն ասաց, որ Մելինե Հակոբյանն իրեն ծաղիկներ, խաղալիք և քաղցրավենիք է նվիրել, որը ինքը տվել է դպրոցում գործող ներառական դասարանին։ 

Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունվելու համար վերցրած կաշառքին, Մալախյանը կտրականապես հերքեց այդ փաստը։ Հերքեց նաև աշխատավարձից «փայ» պահանջելու տեղեկությունը, սակայն ավելացրեց, որ հնարավոր է՝ ամսվա ընթացքում ուսուցիչները միմյանց փոխարինելու համար իրար գումար տան կամ վերցնեն։ Տնօրենը նշեց, որ խոսքը «չնչին գումարի» մասին է՝ 7-8 հազար դրամ, սակայն ինքը դրա հետ կապ չունի։