44-օրյա պատերազմից հետո Արցախ վերադարձած քաղաքացիները դեռևս կանգնած են բնակարանային խնդրի առջև։ Թեպետ պետությունը պատերազմի հետևանքով տեղահանված, տներն ավերված կամ սոցիալապես անապահով քաղաքացիներին տրամադրում է բնակվարձ, սակայն այն ամբողջությամբ չի փոխհատուցում սեփականատերերի կողմից սահմանված վարձի չափը։ Այլ կերպ ասած՝ Արցախ վերադարձած, գործազուրկ քաղաքացիները ստիպված են լինում բնակարանի վարձի մեծ մասն իրենց միջոցներով վճարել։
Civic.am-ի հետ զրույցում Շուշիում իրենց տունը կորցրած ու պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատված ընտանիքներից մեկն ընդգծեց, որ իրենց 1-սենյականոց բնակարանի ամսական վարձավաճարը կազմում է 120.000 ՀՀ դրամ։ Մինչդեռ այդ բնակարանն ունի միջին վերանորոգում, մեկ մահճակալ և մեկ բազմոց։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական Քրիստինե Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն գումար է տրամադրվում պետության կողմից պատերազմի հետևանքով տեղահանված, տներն ավերված արցախցիներին։
«Ստեփանակերտում 1-սենյականոց բնակարանի համար ամսական տալիս ենք 40.000 ՀՀ դրամ, 2-սենյականոց բնակարանի համար՝ 50.000, 3-սենյականոց բնակարանի համար՝ 60.000 և 4-սենյականոց բնակարանի համար՝ 70.000 ՀՀ դրամ։ Իսկ շրջաններում բնակարան վարձելու դեպքում, օրինակ՝ մեկ սենյակի համար տրամադրում ենք 30.000 դրամ, այսինքն՝ 10.000 ՀՀ դրամ պակաս»,- պատասխանեց Արցախի ՏԿԵ նախարարի օգնականը։
Նշենք, որ ըստ Forrights.am-ի՝ օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասանյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձել էին հատել սահմանը: Կինն այդ քայլին էր դիմել Արցախում բնակարանային պայմաններ չունենալու պատճառով։ Ըստ հրապարակման՝ 44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանն իր 4 երեխաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարել այդ տան համար, սակայն տանտերը որոշել էր բարձրացնել տան վարձը՝ 150 հազար դրամ էր սարքել, և ինքը հեռացել էր տանից: Իսկ տարածքային կառավարման նախարարության կողմից Ասկերանի շրջանի Խանձք գյուղում առաջարկված անվճար տունը, ըստ Իզաուրա Բալասանյանի, կիսաքանդ է եղել և լի՝ օձերով։
Արցախի ՏԿԵ նախարարի օգնական Քրիստինե Ալավերդյանը, անդրադառնալով Իզաուրա Բալասանյանի բնակարանային խնդրին, նշեց, որ կինը իրենց մոտ շատ է եկել, և իրենք առաջարկել են Ասկերանի շրջանի Խանձք գյուղում վերանորոգված տուն. «Այդ կինը որոշ ժամանակ ապրեց այնտեղ, բայց ասաց, որ օձեր կան, և դուրս է եկել։ Հիմա այդ տանն այլ մարդիկ են ապրում և գոհ են։ Ինքը մոտ մեկ շաբաթ առաջ էլ մեզ մոտ եկավ՝ ասաց, որ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում սեփական տուն է գտել, մենք էլ ասացինք, որ պատրաստակամ ենք այդ տունը գնելու և իրեն տալու. պետք է թղթերը պատրաստեր և գար, բայց դեռևս մեզ հետ կապ չի հաստատել։ Մենք ունենք այդպիսի ծրագիր՝ 10 մլն-ի շրջանակներում տներ ենք գնում»։
Ինչ վերաբերում է հանրակացարանում Իզաուրա Բալասանյանի վարձով ապրելուն՝ ՏԿԵ նախարարի օգնականն ընդգծեց՝ այն հանրակացարանների բնակարանները, որոնք սեփականաշնորհված են, արդեն այդ բնակարանները անվճար չեն տրամադրվում։
Ի պատասխան հարցի՝ ճի՞շտ է, որ Ստեփանակերտում 1-սենյականոց բնակարանների գները 120.000-ից 150.000 դրամի սահմաններում են, Քրիստինե Ալավերդյանն արձագանքեց. «Այո, հնարավոր է այդպես լինել, բայց կարգավորող օրենք չկա, սեփականատերն է որոշում։ Մեր նախարարությունը պայմանագիր է կնքում՝ մեր հասանելիքը տալիս ենք, իսկ մնացածը մնում է սեփականատիրոջ խղճին»։
Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը գրավել էր Կովսականը, Ջրականը, Վարանդան, Շուշի քաղաքը, Հադրութը, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի որոշ հատվածներ: Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Աղդամի, Լաչինի, Քելբաջարի շրջանները ևս անցան Ադրբեջանի տիրապետության տակ։
Նարա Մարտիրոսյան
civic.am