Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ալիեւի գլխավոր մտահոգությունն այն է, որ ռուսները կարող են Արցախում ռազմական ներկայության հարցը լեգիտիմացնել ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ պայմանավորվածությամբ: Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահների մանդատի չստորագրելն ունի իրավական կշիռ, բայց այդ իրավական կշռի ՕԳԳ-ն կախված է դե ֆակտո քաղաքական կշռով: Իսկ դե ֆակտո քաղաքական կշիռ այն կարող է ունենալ, եթե ԱՄՆ ու Ֆրանսիան մերժում են ռուսների ներկայության լեգիտիմությունը:
Բայց, էստեղ կան պրոցեսներ ու նշաններ, որ միտումը հակառակն է: Եվ դա է, որ մտահոգում է Բաքվին: Այլապես, ռուսները գրել են ԼՂՀ, թե չեն, գրել, սա չէ բուն էականը: Կարող էին չգրել, կարող էր լինել տեխնիկական վրիպակ: Մի քանի շաբաթ եւ նույնիսկ ամիս է, որ խոսում եմ համանախագահ եռյակի շրջանակում տեղի ունեցող քննարկումների կապակցությամբ Բաքվի մտահոգությունից:
Դրան զուգահեռ, Արցախի հարցում Թուրքիան զգալիորեն կարող է կորցրած լինել «մոտիվացիան» ու չխանգարել եռանախագահների համաձայնությանը, եթե կարողանա «չխանգարելու» դիմաց իր համար ստանալ որոշակի «բոնուսներ», ընդ որում հնարավոր է նաեւ Կովկասից դուրս այլ հարցերի առնչությամբ: Թուրքիան պատըերազմով հասել է Կովկասում իր համար առանցքային խնդիրներին, վերցրել է Ադրբեջանը, հաստատվել է ռազմական առումով, քաղաքական առումով: Միաժամանակ նկատելի է, որ Էրդողանը կարող է «դադար» տալ լայն իմաստով, որովհետեւ զգալիորեն մեծանում է տնտեսական կարողությունների եւ աշխարհաքաղաքական հավակնությունների միջեւ ճաքը: Ի դեպ, նաեւ այդ համատեքստում է պետք դիտարկել Հայաստանի վերաբերյալ վերջին հայտարարությունները:
Այս իրողությունները Ալիեւի համար խիստ մտահոգիչ են, որովհետեւ իքս պահի կարող են բյուրեղանալ այնքան, որ լրջագույն խնդիրներ առաջացնեն արդեն Ադրբեջանի ներսում իշխանության իմաստով:
Միաժամանակ, այդպիսի վիճակում հայտնված կամ հայտնվող Ալիեւը Հայաստանի համար պետք է լինի առավել զգոնանալու պատճառ: