Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենագվիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Սուրեն Փաշայանը: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ՝ գնացքը վարած սլաքավարի կողմից, ով վրաերթի ենթարկելով կնոջը, գնացքով հեռացել է դեպքի վայրից, մինչդեռ նա կարող էր արգելակել գնացքը և ահազանգեր այդ մասին ոստիկանություն: Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը:
shamshyan.com