Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվ են գործել Քաջարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչր հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Քաջարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի
shamshyan.com