25-ամյա վարորդը Opel-ով Զոլաքար գյուղում բախվել է շինության պատին և կողաշրջվել. նրա մայրը հիվանդանոցի.

 Այսօր` սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։ Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։  Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին մահացածի ինքնությունը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ պարզել են, որ այսօր, ժամը 07։40-ի սահմաններում Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ։  Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահանվող հատուկ տարածք։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր։ 

shamshyan.com