Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական ինտեգրման մասին խոսք չկա, վստահեցնում է Կրեմլը. սակայն

 Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական ինտեգրման մասին խոսք չկա, հայտարարել է Կրեմլի խոսնակը բելառուսական ОНТ պետական հեռուստաալիքի “Контур” հաղորդման եթերում։ Դմիտրի Պեսկովը, սակայն, չի բացառել, որ տեսականորեն դա հնարավոր է։

«Այժմ քաղաքական ինտեգրում ոչ ոք չի պատրաստում, քանի որ դա ինտեգրման բոլորովին այլ մակարդակ է, որին մենք հիմա պատրաստ չենք։ Մենք հիմա շահագրգռված ենք իրագործել ստորագրված 28 ծրագրերը՝ ի շահ մեր երկու երկրների, ավելին դեռ պետք չէ», — ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նաև ընդգծել է, որ նույնիսկ տնտեսական ինտեգրման 28 ծրագրերը իրագործելու համար տիտանական աշխատանք է պետք կատարել։

Անցած հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 9-ին Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը համաձայնեցրել են երկու երկրների ինտեգրման 28 ճանապարհային քարտեզները։ Պուտինը հանդիպմանը հետևած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը ստեղծում են ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականություն, և չի բացառել նաև միութենական խորհրդարանի ստեղծումը։

Սեպտեմբերի 9-ի բանակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը համաձայնեցնել ընդհանուր էներգետիկ շուկայի հարցը, որը թերևս ամենակարևորն է Մինսկի համար։ Համաձայնեցված չեն ընդհանուր արժույթի հետ կապված հարցերը։

Ինչ վերաբերում է քաղաքական ինտեգրմանը, որի մասին խոսում են վերլուծաբանները վերջին տարիներին, Լուկաշենկոն Մոսկվայում հայտարարել էր, թե արդեն երկար ժամանակ է, որ Ռուսաստանը և Բելառուսն այն չեն քննարկում, քանի որ այս հարցի շուրջ կողմերն ունեն անհաղթահարելի հակասություններ։

Ռուսաստան-Բելառուս ինտեգրումը երկու երկրների քաղաքական օրակարգ մտավ նոր թափով Ռուսաստանում 2018 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո, սակայն քննարկումներն առավել ակտիվացան անցած տարվա օգոստոսին Բելառուսում անցկացված ընտրություններից հետո։ Բելառուսում սկսվել էին բողոքի զանգվածային ակցիաներ, Արևմուտքը չէր ընդունել ընտրությունների պաշտոնական արդյունքները, Լուկաշենկոն հայտնվել էր միջազգային մեկուսացման մեջ, և նրան հաջողվեց պահպանել իշխանությունը մեծամասամբ Մոսկվայի ակտիվ աջակցության շնորհիվ։ Ռուս քաղաքագետները սկսեցին խոսել այն մասին, թե ի պատասխան՝ շնորհակալ Լուկաշենկոն արագ կգնա երկու երկրների ինտեգրմանը, ինչին շուրջ երկու տասնամյակ ընդդիմանում է։

 

azatutyun.am