Թուրքիայի մակրոտնտեսական բալանսը սկսել է վերականգնվել։ Եվ դա խոսում է այն մասին, որ տնտեսությունում դրական դինամիկան թափ է հավաքելու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում նախագահական համալիրում ելույթի ունենալիս, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Երբ մենք ասում ենք, որ Թուրքիան կվերածենք աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկի, ասում ենք, որ այն միայն այս կամ այն կատեգորիայի մարդկանց համար չէ, այլ երկրի բոլոր քաղաքացիների՝ աշխատողներից մինչև պետական ծառայողներ, արհեստավորներից մինչև թոշակառուներ։ Հեռանկարում երևում է մեծ ու հզոր Թուրքիայի ուրվագիծը։ Մինչ մենք, որպես ազգ, ամուր կերպով պաշտպանում ենք մեր միասնությունը, հավասարությունն ու եղբայրությունը, ոչ ոք չի կարող մեզ խանգարել հասնել այդ նպատակին»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ բոլոր նրանց անհանգստությունը, որոնք տեսնում են Թուրքիայի անցած ուղին բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից տնտեսություն, պաշտպանությունից ենթակառուցվածքներ, խոսում է այն մասին, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ «Թուրքիան գտնվում է այն փուլի շեմին, երբ մենք մի կողմից համալրում ենք մեր դարավոր կորուստները, մյուս կողմից՝ վստահորեն նայում մեր պայծառ ապագային։ Ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի, որ մենք մեր երեխաներին կթողնենք երկիր, որի մասին երազում են, եթե շարունակենք ներկա գործընթացը, որի խորհրդանիշը «2023թ․ նպատակներն են»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Էմմա Չոբանյան