Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր երկրի առաջնահերթությունն է անվանել տարածաշրջանային, մասնավորապես հարևան երկրների հետ փոխգործակցությունը: «Այցը Տաջիկստան նոր գլուխ կբացի Իրանի հետ մշակութային, տնտեսական և քաղաքական հարաբերությունների մեջ»,- հայտարարել է Ռաիսին Մեհրաբադի օդանավակայանում Դուշանբե մեկնելուց առաջ, գրում է Irna գործակալությունը: Իրանի նախագահի խոսքով` իր այցը Տաջիկստանի մայրաքաղաք տեղի կունենա իր տաջիկ գործընկերոջ հրավերով` մասնակցելու ՇՀԿ ղեկավարների հանդիպմանը: Ռաիսին հայտնել է, որ այս ուղևորության ընթացքում մի շարք համաձայնագրեր կստորագրվեն երկու կողմերի միջև՝ տնտեսական, գյուղատնտեսական և իրավական ոլորտներում: «Մենք կարևորում ենք տարածաշրջանային համագործակցությունը, իսկ Շանհայի համագործակցության կազմակերպությունը համարվում է տարածաշրջանային համագործակցության ակտիվ կազմակերպություններից մեկը»,- ասել է նա: Նա ասիական երկրների հետ տնտեսական համագործակցությունն անվանել է իր կառավարության հիմնական քաղաքականությունը: Ռաիսին հաստատել է նաև, որ երկկողմ հանդիպում կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաթև Ֆռանգյան