Անդրանիկ Մանուկյանի հետ կապված՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում

 Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ կապված՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում։ Այդ մասին ՀՔԾ-ից հայտնել են «Լուրեր»-ին՝ ի պատասխան գրավոր հարցման։

Մինչ Հատուկ քննչական ծառայություն հասնելը Մանուկյանի գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրի հարցը նախ հայտնվել է Կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողովի տեսադաշտում, ապա նյութեր են փոխանցվել Ազգային ավտանգության ծառայության քննչական դեպարտամենտին, իսկ ԱԱԾ-ից գործը փոխանցվել է ՀՔԾ-ին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծել է Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացված հայտարարագրերը և, ինչպես ԿԿՀ-ի պատասխանում է նշվում, «արձանագրվել են որոշ անհամապատասխանություններ ու անճշտություններ»։ Մայիսի 21-ին հանձնաժողովը պարզաբանման ենթակա հարցեր է ուղղել Մանուկյանին՝ նրա գրանցման վերաբերյալ, սակայն համապատասխան գրությունը Մանուկյանին կա՛մ չի հասել, կա՛մ նախկին պաշտոնյան հրաժարվել է այն ընդունել։ ԿԿՀ-ն իր ուղարկած հարցերը հիմնավորել է այն կասկածներով, որ Մանուկյանը կամ նրա հետ փոխկապակցված անձինք ունեցել են գույքի ավելացում, որը ողջամտորեն չի հիմնավորվել։ Այնուհանդերձ, քանի որ փոստային հասցեով ուղարկված նամակը տեղ չի հասել, հետևաբար Մանուկյանից պարզաբանումներ չեն ստացվել, նշված հարցով Գլխավոր դատախազություն դիմելու հիմքերը բացակայել են:

Մյուս հարցին, թե ի՞նչ անհամապատասխանություններ ու անճշտություններ են հայտնաբերվել Մանուկյանի հայտարարագրում, ԿԿՀ-ից պատասխանել են՝ «նպատակահարմար չէ տրամադրել տեղեկատվություն Անդրանիկ Մանուկյանի հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ, քանի որ դրանք Հանձնաժողովի կողմից չեն որակվել որպես վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28 հոդվածով նախատեսված արարքներ»։ Օրենսգրքի այս հոդվածը վերաբերում է սահմանված ժամկետներում հայտարարագիր չներկայացնելուն կամ կարգի խախտմամբ ներկայացնելուն։

Անդրանիկ Մանուկյանի հայտարարագրի հետ կապված խնդիրն այնուհետև հայտնվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտում։ Ինչպես «Լուրեր»-ին հայտնել են՝ ԱԱԾ-ում քրեական գործ է քննվում նախկին դեսպանի կողմից առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և կեղծ տվյալ ներկայացնելու փաստի կապակցությամբ։ Քրեական գործի հարուցման օրն այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղից էլ «Լուրեր»-ին գրավոր պատասխանել են՝ «նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող տրամադրել»։ Նշենք, որ ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ՀՔԾ-ն երբևէ որևէ հաղորդագրություն չեն տարածել Մանուկյանին առնչվող այս գործի վերաբերյալ, ուստի զարմանալի է ՀՔԾ-ի «այլ մանրամասներ» ձևակերպումը։

Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը թողել է 2018-ի օգոստոսին։ Պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նա նշել է, որ ունի 2 բնակարան, Audi A8 և BMW 750I մակնիշի մեքենաներ։ Մանուկյանը վերջինը ձեռք էր բերել 118.000 եվրոյով։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ դեսպանն ունեցել է 3.1 միլիոն դոլարի հանձնած փոխառություն, նկարների հավաքածու։ Դրամական միջոցները կազմել են 90 միլիոն դրամ, 60 հազար դոլար և 350 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 24 հազար դոլար։

Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, որը նախորդ գումարման Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, 2020-ի տարեկան հայտարարագրում անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է առանձնատուն Նորք-Մարաշ վարչական շրջանում, հողամաս Ծաղկաձորում։ Մանուկյանը հայտարարագրել է նաև Lexus և Mercedes-Benz մակնիշների մեքենաներ, 2 ընկերություններում բաժնեմասեր։ Դավիթ Մանուկյանին 2020-ի վերջին վերադարձված փոխառության ծավալները կազմել են 78.3 միլիոն դրամ և մոտ 700 հազար դոլար։ Նախկին պատգամավորը 2018-ին 8 միլիոն դրամով գնել է արվեստի գործ, 9 միլիոնով՝ զարդ։ Եվս մեկ արվեստի գործ 27 միլիոնով Մանուկյանը գնել է 2019-ին, նույն տարում նաև նվիրատվության տեսքով ստացել 16 միլիոն դրամանոց արվեստի գործ և 10 միլիոն դրամանոց թանկարժեք զարդ։

Մանուկյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 90 միլիոն դրամ և 160 հազար դոլար։ Եկամուտներից 7.4 միլիոն դրամը գոյացել է պատգամավորական աշխատավարձից, 42 միլիոն դրամը՝ «Ռ. Մելքոնյան և ընկերներ» ՍՊԸ-ում ունեցած շահաբաժինն է եղել, ևս 15 հազար դոլարի եկամուտ հայտարարագրել է «Կոնվերս բանկ»-ից։ Որդուն 75 հազար դոլարի փոխառություն է տրամադրել հայրը՝ Անդրանիկ Մանուկյանը, նաև նվիրատվություն կատարել՝ 6500 դոլարի չափով։

Դավիթ Մանուկյանի նվիրատուների ցանկում է եղել նաև կինը՝ Գայանե Ծառուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի դուստրը, որն ամուսնուն նվիրել է մոտ 90 հազար դոլար։