Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա՝ երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել բենզինի արտահոսքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ու քաղաքացիները ճանապարհը չփակեն։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
shamshyan.com