Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան։
Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի հիմնական թեման եղել են տարածաշրջանային զարգացումները:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կարևորագույն նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է, և Վրաստանը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը՝ Հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վրաստանի վարչապետի միջնորդությամբ և ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությանը, որի արդյունքում Ակնայի (Աղդամի) ականապատ քարտեզի դիմաց 15 հայ գերի ազատ արձակվեց։ Նշվել է, որ այս համաձայնությունը լավ հիմք է հարևանների միջև հետագա համագործակցության համար: