Red Wings ավիաընկերությունը հոկտեմբերից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար և Սամարա-Երևան-Սամարա երթուղիներով:
Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:
Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:
Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:
Սամարա-Երևան-Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:
«Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ: