Արդարադատության նախարարությունն իր առջև նպատակ է դրել մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի և բարքերի քրեակատարողական հիմնարկ, թվայնացնել Հայաստանում ողջ դատաիրավական համակարգը, կառուցել մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող հանրային ծառայություններ, ինչպես նաև` ԴԱՀԿ ծառայության կառավարումը դարձնել ավելի արդյունավետ։ Առաջիկա ծրագրերի, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, սահմանադրական բարեփոխումների, պարեկային ծառայության գործունեության և այլ թեմաների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ։
— Պարոն Անդրեասյան, ստանձնելով Արդարադատության նախարարի պաշտոնը, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև:
— Ունեմ հինգ առաջնահերթ ծրագիր. առաջինը՝ իրավական գործընթացների արդյունքում մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, երկրորդը՝ բացարձակ նոր մոդելի և բարքերի քրեակատարողական հիմնարկ կառուցել Հայաստանում: Նոր՝ ոչ միայն իր շինությամբ ու անվտանգությամբ, այլև բարքերով, անձնակազմով ու մթնոլորտով: Երրորդը՝ թվայնացնել ողջ դատաիրավական համակարգը՝ դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով այս ոլորտում գործող բոլոր պետական մարմինների աշխատանքը: Չորրորդը՝ վրացական օրինակով Հայաստանում կառուցել հանրային ծառայությունները մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող «Արդարադատության տներ»: Եվ հինգերորդը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կառավարումը դարձնել այնքան արդյունավետ, որ մարդիկ այլևս, դատավճիռները ստանալուց հետո, չմնան ձեռնունայն, իսկ պետությունն էլ ոչ թե մեր այս ծառայության համար գումարներ հատկացնի, այլ շահույթ ստանա, և այդ շահույթը ուղղի դատաիրավական ոլորտի հետագա բարեփոխումներին։
— Հակակոռուպցիոն ի՞նչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ եք նախատեսում: Արդյոք բավարար են 2018 թվականից ներդրված գործիքները կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
— Պետք է շարունակենք նպաստել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանն ու զարգացմանը, որը կոռուպցիայի դեմ պայքարելու ամենագործուն մեխանիզմն է: Հանձնաժողովի կազմն ու աշխատակիցները մեծ հույսեր են ներշնչում, պարզապես պետք է շարունակենք նրանց տեխնիկապես աջակցել ու հզորացնել: Նաև շատ կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների ստեղծումը: Այս ուղղությամբ ևս նախարարությունը հսկայածավալ աշխատանք է կատարում: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարը մեր կառավարության առաջնահերթություններից է, իսկ Հակակոռուպցիոն ռազմավարության իրագործումը՝ մեր նախարարության աշխատանքի կարևորագույն ուղղություններից:
— Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:
— Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման գործում կարևոր է ոչ միայն առանձին դատավորների, այլև Բարձրագույն դատական խորհրդի դերը: Այս համատեքստում կարևորում եմ դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների հարցում հետևողական և խիստ մոտեցումը, ինչպես նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների բարեվարքության գնահատումը: Դատական համակարգի անկախության և նրա հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը միտված գործիք է լինելու նաև վեթինգը: Առկա օրենսդրական կարգավորումները, սակայն, թույլ չեն տալիս նոր ներդրվող կառուցակարգերը գործածել նախկինում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, ուստի ծառացած խնդիրների լուծման նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ, նախատեսվում է նաև հարցի քննարկում միջազգային գործընկերների հետ՝ երաշխավորելու համար գործընթացի համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
— Արդյոք տեսնում եք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, և եթե այո, ապա ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու այս ոլորտում: Կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
— Կառավարության ծրագրի մակարդակով արդեն իսկ ամրագրվել է այն հանգամանքը, որ Կառավարությունը հանրային-քաղաքական շրջանակների հետ քննարկումներ է սկսելու սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության հարցը որոշելու համար: Եվ այս առումով գործընթացն արդեն իսկ մեկնարկել է. Սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացը հստակեցնելու, բարեփոխումների իրականացման ձևաչափի, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման շուրջ մասնագիտական աշխատանքների նախընտրելի մոդելի ձևավորման, ինչպես նաև՝ բարեփոխումների որոշ ուղղությունների շուրջ նախնական պատկերացումներ կազմելու նպատակով ես հանդիպումներ եմ ունեցել Փաստաբանների պալատի ղեկավար կազմի, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների, արտախորհրդարանական ուժերի, երկու տասնյակից ավելի հայտնի իրավաբան-գիտնականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և երկու տասնյակից ավել լրագրողների հետ: Այդ հանդիպումների ընթացքում փորձեցինք հասկանալ տարբեր շրջանակների կարծիքն այն մասին՝ արդյոք պետք է պահպանել խորհրդարանական կառավարման մոդելը, թե՞ վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևին, արդյոք պետք է միավորել բարձր դատարանները և մի շարք այլ հարցեր: Այժմ ամփոփում ենք նշված հանդիպումների արդյունքները և մշակում սահմանադրական բարեփոխումների նոր մեկնարկի և գործընթացի կազմակերպման առաջարկներ:
— Հուլիսից Երևանում գործարկվել է նոր պարեկային ծառայությունը: Գո՞հ եք արդյոք ծառայության աշխատանքից, ի՞նչ թերություններ եք նկատել նրանց աշխատանքում, ի՞նչ կցանկանայիք փոխել:
-Արդարադատության նախարարությունը ոչ միայն կառավարում է իր անմիջական ենթակայության տակ եղած բազմաթիվ ոլորտներ, ոչ միայն քաղաքականություն է մշակում և իրագործում մի շարք ոլորտներում, որոնք դուրս են իր կառավարման ներգործությունից, այլև աջակցում է որոշ գործընկեր կառույցների, այդ թվում՝ Ոստիկանությանը, որպեսզի այստեղ ևս կյանքի կոչվեն շատ կարևոր բարեփոխումներ: Նման աջակցության արդյունքում հուլիսի 7-ից Երևան քաղաքում գործարկվել է Պարեկային ծառայությունը, որը լիովին նոր ծառայություն է թե՛ իր փիլիսոփայությամբ, ծառայության մեթոդաբանությամբ, անձնակազմով, կրթական բազայով և հագեցվածությամբ։
Նոր ծառայության դրականորեն տարբերվող մոտեցումների մասին հանրային արձագանքին զուգահեռ, մենք ինքներս էլ ախտորոշել ենք շտկման ենթակա որոշ հարցեր։ Նկատված թերությունների առումով կարող ենք խոսել խաչմերուկների կառավարման, բարդ ճանապարհատրանսպորտային պատահարներին արձագանքման, ինչպես նաև՝ ծառայողների մոտ հաղորդակցության կարողությունների բարելավման ու զարգացման մասին։ Մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատել Ոստիկանության, քաղաքացիական հասարակության, ԱՄՆ և ԵՄ մեր գործընկերների հետ, որպեսզի այս խնդիրներն արագորեն լուծվեն, և մենք էլ ընդլայնենք նոր պարեկային ծառայության աշխարհագրությունը դեպի մարզեր: Առաջիկա ամիսներին նախատեսվում է պարեկային ծառայության գործարկումը Լոռիում և Շիրակում:
— Ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում իրականացնել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առաջիկա տարիներին:
— Քրեակատարողական ոլորտի մասով կառանձնացնեմ առանցքային կետերից մի քանիսը, որոնք լինելու են համակարգի վերափոխման առանցքը: Առաջինը քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն է: Այս ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկվում են (փակագծերը կբացեմ ավելի ուշ), կարծում եմ՝ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ՝ պետք է անխտիր բոլոր հիմնարկներում ունենանք վերասոցիալականացման միջոցառումներ: Շեշտը դնելու ենք նաև պատժի կրման անհատական պլանավորման գաղափարի վրա:
Շարունակելու ենք անհանդուրժող քաղաքականություն վարել քրեական ենթամշակույթի նկատմամբ՝ բացառելով արտոնյալների գոյությունը: Բայց նաև անհանդուրժող պետք է լինենք քրեակատարողական հիմնարկներում նախկինում տարածված բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ: Հետևողական և ինտենսիվ աշխատանքը վերաբերելու է նաև քրեակատարողական բժշկության ոլորտին. այս ոլորտում փոփոխություններն առավելապես միտված են նրան, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձին իրապես հասանելի լինի բժշկական օգնության և սպասարկման այն նույն ծավալը, ինչ հարիր է քաղաքակիրթ հասարակությանը:
Պրոբացիայի ոլորտին անդրադառնալիս պետք է նշեմ, որ առհասարակ այս ինստիտուտի գոյությունը կարևոր ցուցիչ է երկրում վերականգնողական արդարադատության կայացման, հասարակության պայմաններում անձին վերասոցիալականացնելու իրական ցանկության տեսանկյունից: Ուստի, պրոբացիայի ոլորտում ևս թիրախավորված քայլեր ենք նախատեսել՝ պրոբացիայի ինստիտուտի մասին հանրային իրազեկումից մինչև Պրոբացիայի ծառայության կարգավիճակի, ծառայողների սոցիալական երաշխիքների վերանայում, պրոբացիայի ծառայողների վերապատրաստումից մինչև պրոբացիայի շահառուների հետ տարվող աշխատանքի մեթոդաբանության փոփոխություն: Պրոբացիան Հայաստանում աստիճանաբար կայանում է, մենք այն պետք է դարձնենք տեխնիկական և մարդկային ռեսուրսներով լիարժեք զինված և, իրապես արդյունավետ գործող կառույց:
Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի