Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել էին դեպքերի հանգամանքները, միջադեպին մասնակից մի շարք անձանց ինքնությունը:

Նշենք, որ ավելի վաղ քրեական գործից 19 անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել էր և այժմ դատաքննության փուլում է:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 27-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից ևս մեկը, իսկ օրեր անց ևս մեկ անձ ինքնակամ ներկայացել է իրավապահներին:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Նորատուս համայնքի բնակիչներ Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲ ընկերություն:

Դեպքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, սպանվածների հարազատներն ու ընկերները  բազմաթիվ անձանց հետ հավաքվել էին նշված բժշկական կենտրոնի մոտ և հայհոյելով, աղմկելով, համոզված լինելով, որ վերջիններս են սպանել իրենց հարազատներին, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու և վրեժխնդիր լինելու կոչերով, փորձել էին ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք:

Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին, մի խումբ անձանց հրահրմամբ, սկսվել էին զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները բռնություն էին գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ, կոտրել էին բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները և ներխուժելով ներս՝ կոտրել, վնասել ու ոչնչացրել էին բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, կայանված երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ պատճառելով նյութական վնաս:

Այդ ընթացքում անկարգությունների մասնակիցներից մեկը, ով Նորատուս գյուղի բնակիչ է, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ, կոտրելով հիվանդասենյակների դռները և դրանցից մեկում հայտնաբերելով Դ. և Ա. Հայթյաններին, վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, դանակով և բռունցքներով հարվածներ էին հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին,  սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցվել՝ իրենցից անկախ հանգամանքներով.  կարծելով, որ Հայթյաններին սպանել են, հեռացել էին:

Անկարգություններին մասնակից, ինքնությունը չպարզված անձանց մասով օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: