Էրդողանի խոսնակը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից և պայմաններ դրել Հայաստանի առաջ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ  Քալընը թուրքական «Haber Gobal» լրատվականի եթերում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման  գործընթացից և արցախյան հիմնախնդրից։

Նա շեշտել է, որ իրենք սկզբունքորեն դրական են նայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթցին։ Հիշեցրել է, որ 1992թ․ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և հայ-թուրքական սահմանի փակման պատճառը եղել է արցախյան պատերազմը, որն անվանել է «Ղարաբաղի օկուպացիա»։

«Իսկ հիմա,-շարունակել է Քալընը,- երբ այդ խնդիրը արդեն լուծվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ այլևս չկա։ Սակայն Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում»։

Էրդողանի խոսնակը նաև նշել է, որ թեև Ղարաբաղում հաստատվել է հրադադար, բայց առ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: 

«Անհրաժեշտ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Ընդ որում դա անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Կովկասի, և՛ մեզ բոլորիս համար։ Դրա վերաբերյալ պայմանները, բնականաբար, պետք է քննարկվեն ու արժանանան երկու կողմերի հավանությանը»։ 

Իբրահիմ Քալընի խոսքով՝ վերոնշյալ գործընթացը շարունակվում է և դրա հաջորդ փուլը կլինի պայմանագրի կնքումը։ Թուրքիայի համար էական չէ, թե կողմերը ինչ ձևաչափով կհանդիպեն: 

«Կարևոր էլ չէ, թե դա կլինի ՄԱԿ-ի, Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո, թե տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավմամբ: Կարևորն այն է, որ պայմանագիրը լինի, որը կհաստատի Ադրբեջանը և կընդունի Հայաստանը։ Այդպիսով խնդիրն ամբողջությամբ կլուծվի ու մի կողմ կդրվի»,- եզրափակել է Քալընը: 

 

ermenihaber.am