Հայաստանում «Մոդեռնա»-ով պատվաստումները հավանաբար կսկսվեն վաղվանից

 «Մոդեռնա»-ով պատվաստումը կիրականացվի առաջիկա օրերերին։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ)՝ այս պահին իրականացվում է բաշխման գործընթաց։

Կենտրոնի փոխանցած տեղեկության համաձայն, երբ պոլիկլինիկաները կստանան պատվաստանյութը, իրենք կհրավիրեն բնակիչների պատվաստվելու։ Թեև հստակ ժամկետներ չնշվեցին, սակայն «Մոդեռնա»-ով պատվաստումներ, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն հոկտեմբերի 7-ից։

Ըստ տեղեկության՝ բոլոր բուժհաստատություններին բաշխումը կկատարվի համամասնորեն՝ ըստ սպասարկող բնակչության թվի։ Պայմանները նույնությամբ կգործեն, ինչպես հանրապետությունում առկա բոլոր պատվաստանյութերի դեպքում։

Բնակիչները՝ անկախ կցագրումից, կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա կամ շարժական պատվաստումային կետ և պատվաստվել։ 18-ից բարձր անձանց շրջանում կկատարվի նույն սկզբունքներով, ինչ բոլոր պատվաստանյութերի դեպքում։

Հիշեցնենք, որ «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանին է փոխանցվել հոկտեմբերի 4-ին։

ՀՀ-ում պատվաստման գործընթացը մեկնարկել է 2021թվականի ապրիլից։ Մինչև օրս առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է բնակչության 11,5 տոկոսը։