Հայաստանի եւ Ադրբեջանի օդային տարածքները երբեւէ փակ չեն եղել միմյանց համար. 2014-ից Ադրբեջանն էր հրաժարվել օգտվել

 Առավոտից մամուլում «Ռիա Նովոստի»-ին հղում անելով՝ տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։

«Ադրբեջանը հոկտեմբերի 6-ին ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջեւան՝ անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը: Մինչեւ հիմա Ադրբեջան-Նախիջեւայն թռիչքն իրականացվում էր Իրանի օդային տարածքով»,- տեղեկացնում է լրատվականը:

Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ Իրանն իր օդային սահմանները փակել է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների համար: Մամուլում հիշատակելով այդ փաստը՝ նաեւ նշվում է, որ այդ տարածքն Ադրբեջանն օգտագործում էր Նախիջեւանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով:

Վերոնշյալ տեղեկատվության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ կառավարությունից:

Մեզ հայտնեցին, որ Հայաստանի օդային տարածքը երբեւէ փակ չի եղել Ադրբեջանի համար, ինչպես նաեւ Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել Հայաստանի համար: «2014-ից Ադրբեջանն է հրաժարվել օգտվել Հայաստանի օդային տարածքից»,- մանրամասնեցին Կառավարությունից: Նշենք նաեւ, որ տեղեկություններ կան, թե Ադրբեջան դադարել է օգտվել ՀՀ օդային տարածքից, որպեսզի ստիպված չլինի դրա համար հարկեր վճարել Հայաստանին։

Ավելի ուշ անդրադառնալով թեմային՝ «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցոության պատգամավոր Լիլթ Մինասյանն էլ գրել է, որ սխալ են այն պնդումները, թե Իրանը փակել է Ադրբեջանի համար օդային տարածքը, իսկ Հայաստանը՝ բացել:

«Իրանը փակել է միայն ռազմական նշանակության թռիչքների հնարավորությունը, իսկ Ադրբեջանից իրականացվող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ:

Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։ Հենց Ադրբեջանն է 2014 թվականին իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, որպեսզի տնտեսական վնաս հասցնի մեզ (օդային տարածքի օգտագործումը ենթադրում է որոշակի վճարներ), իսկ երեկվանից էլ որոշել է վերսկսել մեր օդով ավիափոխադրումներ իրականացնելը: Ադրբեջանի օդային տարածքը իր հերթին փակ չի եղել Հայաստանի ավիաընկերությունների համար, պարզապես Հայաստանն է հրաժարվել փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով։ Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրվանից սկսել օգտվել իրենց օդային տարածքից»- գրել է պատգամավորը:

 

armtimes.com