Սյունիքի աշխարհաքաղաքական մեծ նշանակությունը

  Իրանն աննախադեպ ծավալի զորավարժությունների միջոցով համապատասխան ռազմական ուղերձներ Ադրբեջանին եւ Թուրքիային հղելուն զուգահեռ գործի է դրել նաեւ տնտեսական պատժամիջոցների հնարավոր մեխանիզմների կիրառման գործիքակազմը: Թեհրանն Ադրբեջանին սպառնում է դուրս թողնել Հնդկաստանի հետ նախաձեռնած «Հյուսիս-հարավ» ճանապարհի խոշորագույն ծրագրից: Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածում իրանական բեռնատարների նկատմամբ Բաքվի նախաձեռնած կոշտ միջոցառումները, մասնավորապես՝ իրանցի երկու վարորդների ձերբակալությունը եւ գանձումների կիրառումը, պաշտոնական Թեհրանը գնահատեց դեպի հյուսիս իր տնտեսական կապերը, առեւտրաշրջանառությունը վնասելու եւ տարածաշրջանի տարանցիկ ուղիներից իրեն դուրս թողնելուն միտված քայլ, որին համարժեք պատասխանը չուշացավ: Մեր հարավային հարեւանը շատ արագ հայտարարեց Սյունիքով անցնող այլընտրանքային ճանապարհի շինարարությանը մասնակցելու իր պատրաստակամության մասին: Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին տեխնիկական ու ինժեներական պատվիրակության հետ ժամանել է Հայաստան` քննարկելու Տաթեւ-Կապան ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության անհրաժեշտության հարցը եւ շինաշխատանքների գործընթացը: «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» հիմնադիր Փույա Հոսսեինին հայտնել է, որ  պատվիրակության կազմում է նաեւ Իրանի ենթակառույցների շինարարության եւ զարգացման կազմակերպության գործադիր տնօրենը: «Բաքուն պատրանք ունի Իրանին մեկուսացնել Հյուսիս-Հարավ տրանզիտային նախագծից եւ կարծում է, որ կարող է փակել Իրանին Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապող տարանցիկ ճանապարհը, նրա տնտեսական ենթակառուցվածքները եւ խոչընդոտել արտաքին առեւտրին»,- հայտնել է Հոսսեինին։ Նա նաեւ շեշտել է, որ այդ ճանապարհի վերականգնմամբ ժամանակավոր տարանցիկ ճանապարհի հարցը կլուծվի մինչեւ հիմնական՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը: Հոսսեինի խոսքով՝ վերջինս Իրանի տնտեսական ենթակառուցվածքների եւ տրանզիտ, առեւտրի համար դեպի Եվրոպա տարանցման եւ Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպայի հետ կապող կենսական նշանակություն ունեցող ուղիներից մեկն է, այդ պատճառով էլ Իրանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցելու նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի Հայաստանի հատվածի հնարավորինս շուտ կառուցման եւ ավարտին հասցնելու գործընթացին: Հոկտեմբերի 4-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն էլ հայտարարել էր, որ իրանցի վարորդների նկատմամբ վերաբերմունքը բարեկամականին եւ բարիդրացիությանը համապատասխան չի համարում: Նույն օրը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հանդիպմանն առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարեւորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների եւ հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում: Կողմերը քննարկել էին նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում համագործակցության հարցեր: Ադրբեջանի հրահրած ենթակառուցվածքային պատերազմը լիովին տեղավորվում է Հնդկաստանի աշխարհաքաղաքական առաջնարհերթություններում: Վերջինս, լինելով Չաբահար նավահանգստի միջոցով Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Ֆինլանդիայի հետ կապող Հյուսիս-Հարավ նախագծի կնքահայրը, բնականաբար, առաջին հերթին ձգտում է շրջանցել արդեն տեւական ժամանակ իր հակառակորդը համարվող Պակիստանի հետ վերջերս արդեն բացահայտ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտած Ադրբեջանին: Պարսկական այդ նավահանգստով ենթակառուցվածքները զարգացնելու Հնդկաստանի հիմնական շարժառիթներից մեկը Պակիստանի տարածքի շրջանցումն էր, իսկ այսօր արդեն այդ ճանապարհին է հայտնվել նաեւ վերջինիս դաշնակիցը: Չաբահար նավահանգիստը կարեւոր ռազմավարական կետ է Ասիայից դեպի Եվրոպա ապրանքների տարանցման համար: Այն Իրանի ամենամեծ եւ տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Ունի տարեկան մոտ 8.5 մլն տոննա ապրանքների բեռնման ու բեռնաթափման ներուժ եւ կարողանում է ընդունել օվկիանոսային նավեր՝ մինչեւ հարյուր հազար տոննա բեռով: Դեռ 2015 թ. Դելին եւ Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Չաբահար նավահանգստի համատեղ կառուցման վերաբերյալ, որով Հնդկաստանը երկու տերմինալ էր վարձակալել՝ վճարելով 85 մլն դոլար: Բացի նավահանգստի երկրորդ եւ երրորդ տերմինալների կառուցումից, Հնդկաստանն օժանդակում է նավահանգիստն Իրանի մնացած տարածքի հետ կապող երկաթուղու կառուցմանը: Այսօր այս կարեւոր տնտեսական ծրագրի նախաձեռնող առանցքային պետությունները՝ Իրանը եւ Հնդկաստանը, քայլեր են անում այնտեղից Ադրբեջանին դուրս թողնելու ուղղությամբ, իսկ  այդ նախագիծը տարածաշրջանի ենթակառուցվածքներից ամենախոշորն է լինելու: Երեւույթն ավելորդ անգամ փաստում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների հարցում ՀՀ Սյունիքի մարզի ռազմավարական մեծ նշանակությունը: Վերջին զարգացումներն ավելորդ անգամ փաստում են Սյունիքի աշխարհաքաղաքական մեծ նշանակության մասին, որի անգնահատելի արժեքը տեսնում եւ նշանավորում են նաեւ այլ պետություններ: