ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի

  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Նորքի զինված խմբի գործով քննությունը։ Արդեն երրորդ նիստն է, ինչ առողջական խնդիրների պատճառով դատարան չի կարողանում ներկայանալ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, գրում է Factor.am-ը։

Հիշեցնենք, օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ ամբաստանյալն ուղեղի կաթված է ստացել։ Գործով անցնող ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը դատարանին տեղեկացրեց, որ խոսել է Վահան Շիրխանյանի հետ, և նա ասել է, որ մինչև հունվար ամիսն առողջական վիճակը չի ների նիստերին ներկայանալ։ Քրեական գործը ողջամիտ ժամկետում ավարտելու մտահոգությամբ՝ դատարանը նիստերը շարունակելու երեք տարբերակ առաջարկեց կողմերին՝ նիստերը հետաձգել մինչև Շիրխանյանի առողջական վիճակը բարելավվի, դատաբժշկական փորձաքննություն նշանակել կամ ուղղակի մաս անջատել նախկին փոխնախարարի քրեական գործից։

Դատավոր Մակյանի առաջարկությանը կողմերը չառարկեցին, մեղադրող դատախազն երկրորդ տարբերակը նախընտրեց, նշելով, որ այս դեպքում հստակ կհասկանան Շիրխանյանի մասով ինչպես վարվել։ Կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո՝ դատարանը որոշեց Վահան Շիրխանյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն կնշանակել։ Մակյանը հանձնաժողովին հետևյալ հարցերն է առաջարկելու՝ ի՞նչ հիվանդություն ունի ամբաստանյալը, դա կարո՞ղ է խոչընդոտ դառնալ դատական նիստերին մասնակցելու, որքա՞ն ժամանակ կտևի Շիրխանյանի բուժման ընթացքը և այլն։

Փորձաքննությանը կմասնակցի նաև ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործով, ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը: