9-ամյա որոնվող տղայի դին ոստիկանները հայտնաբերել են փլված բետոնե քարի տակ.

 Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արթուր Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, որ փրկարարները կարողանան աշխատել։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ին երեխայի հայրը դիմել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին ժամը 17։00-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, որից հետո Մալաթիայի ոստիկանները, երեխայի հարազատներն ու հարևանները սկսել են որոնողական աշխատանքներ, ապա նշված վայրում, որը երեխայի բնակության վայրի հարևանությամբ է, հայտնաբերել են երեխային արդեն մահացած վիճակում։  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, զայրացած ասում էին, որ նշված տարածքը ինչ-որ մարդու սեփականությունն է, ով չի պաշտպանել անվտանգության ոչ մի կանոններ։ Տարածքում տիրում է բարձիթողի վիճակ, ոչ մի անվտանգության պատ չկա, ու երեխաները կարող են առանց խոչընդոտի հայտնվել այդ տարածքում, իսկ նման վտանգավոր բետոնե պանելներ բավականին շատ են։ 

shamshyan.com