«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:
Արթուր Ղազինյանը թող իմանա, որ ինքը երբեք չի ընտրվելու, որովհետև ինքը չի ծառայել բանակում: Մարդը, որ չի ծառայել բանակում, չի կարող գնալ պաշտպանության ոլորտի հետ կապված ինչ-որ առաջարկություններ անել: Դրա համար իրենք պետք է նոր թեկնածու առաջադրեն՝ Ղազինյանից բացի: Իրենք ուղղակի սա սարքում են շոու, և հիմա ինձ թվում է՝ օրացույցի վրա ամեն երեքշաբթի պետք է նշվի որպես ղազինյանական օր: Ամեն անգամ բերում են Ղազինյանի թեկնածությունը, ամեն երեքշաբթի հանձնաժողովի նիստ է լինում, որ պետք է Ղազինյանն ընտրվի ու չի ընտրվում: Էս անգամ չէին էլ ներկայացել: Սա է իրենց նպատակը:
Ոչ մի տարբերակ չկա, որովհետև ինքը մերժված է:
Ընդդիմությունը հայտարարում է, որ եթե 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հենքի վրա է ստեղծվում, իրենց 4 ներկայացուցիչները շատ քիչ կլինեն այդ հանձնաժողովի աշխատանքը վերահսկելու համար, հատկապես, որ իրենց խոսքով, իշխանամետ փորձագետներ է իշխանությունը ներգրավելու: Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս մտահոգությունները:
Իրենք ոչ մի բանի մասին էլ մտահոգ չեն, միայն մեկ բանի մասին են մտահոգ, թե երբ գան իշխանության: Իրենք բացեիբաց հայտարարում են՝ մենք չենք եղել ԱԺ, որ աշխատենք, եկել ենք իշխանություն վերցնելու: Իրենց վոժդն էլ ասել է՝ տարիուկես դիմացեք, մենք կգանք իշխանության: Հիմա իրենք պայքարում են իշխանության համար, խրամատներ են փորել, բայց տեսանք, որ այդ խրամատներն էլ իրենց չի օգնում: Ամեն տեղ խրամատ են փորել, չգիտեմ՝ ինչի համար: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, իրենք 4 հոգի են, նաև արտախորհրդարանական ուժերից են լինելու, բանակից, փորձագետներից: Սա այն հարցը չի, որ ծածկադմփոց արվի, այդ 4 մարդը չկարողանան դեմն առնել: Իրենք ունեն լրատվամիջոցներ, մեծ լրատվական դաշտ, որը ամեն նիստին հավաքվում, գալիս են այստեղ: Երբ Ղազինյանին հերթական անգամ մերժում են, ինքը դուրս է գալիս, հարցազրույցներ է տալիս: Այնպես որ իրենք չեն կարող կասկածել, որ ինչ-որ տեղ կարող է պատահել հանձնաժողովը ինչ-որ բան ծածկադմփոց անի: Իշխանական կողմն ավելի շահագրգիռ է, որ ամեն ինչ բացահայտվի, և կբացահայտվի, և մեր ժողովուրդը կիմանա թե դավաճանների անունները, թե փախնողների անունները, պատերազմի դաշտը լքողների անունները:
Դուք Արթուր Ղազինյանից բացի այդ պաշտոնի համար այլընտրանքային ի՞նչ թեկնածու եք տեսնում, որ կուզեիք, որ հենց նա առաջադրվեր ընդդիմությունից:
Բացի Ղազինյանից, ով ուզում է լինի, մենք պատրաստ ենք ընտրել: Նույնիսկ Գեղամ Մանուկյանին կարող ենք ընտրել:
Դավիթ Տոնոյանի փաստաբանները հայտարարել են, որ նա շատ տեղեկատվության է պարունակում, բայց չի հրապարակայնացնում: Արդյոք այդ հայտարարության մեջ շանտաժի տարրեր կան:
Այն, որ Դավիթ Տոնոյանը մեծ տեղեկատվության է տիրապետում, չեմ կասկածում, այն, որ ինքը կարող է անուններ տալ, թող տա, բա ինչո՞ւ չի տալիս: Մենք էլ դա ենք ուզում, որ անուններ տա: հիմա քննություն է գնում, որը պարզելու է՝ ով ինչ է արել, ինչպես է արել: Այսինքն եթե փաստաբանները չլինեն, մենք չենք հասկանո՞ւմ, որ ինքը տիրապետում է մեծ քանակությամբ ինֆորմացիայի: Թող հրապարակի:
Ինչպե՞ս եք գնահատում Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանությունը: Չի ստացվո՞ւմ, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում արցախցիների անվտանգությունն ապահովել:
Դիպուկահարի կրակոց էլ կլինի, մարդ էլ կարող են գողանալ, ամեն ինչ էլ կլինի, քանի որ մեր դեմ կանգնած թշնամին նենգ է: Իսկ ռուսական խաղաղապահ ուժերը ամեն ինչ անում են, որ ընդհարումներ չլինեն: Ոչ ոք չի կարող վստահորեն ասել, որ վաղը էլի կրակոց չի լինելու: Այդ կրակոցներին ռուսական խաղաղապահների զինվորներից էլ են զոհվել: Մի քանի այդպիսի դեպք է եղել: