Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտվել. բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալները ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։ Հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերեցին Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։ Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։

Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։ Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվեցին։ 39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին հայտնաբերվեց։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց։

Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։