Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի կարող կատարել իր պարտականությունները առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: Նա վկայակոչել է Պրահայի զինվորական համալսարանական հիվանդանոցի եզրակացությանը, որտեղ Զեմանը բուժում է ստանում մոտ երկու շաբաթ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Զեմանի առողջական վիճակի վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումը «ծայրահեղ անորոշ» է, և առաջիկա շաբաթներին նրա աշխատանքի վերադառնալը «քիչ հավանական է», ասել է Չեխիայի Սենատի ղեկավարը: Հոկտեմբերի 10-ին ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված 77-ամյա Զեմանի ճշգրիտ ախտորոշումը չի բացահայտվում, սակայն չեխական ԶԼՄ-ները գրում են, որ հոսպիտալացումը կարող է կապված լինել լյարդի խնդիրների սրման հետ: Երկրի ղեկավարը տառապում է շաքարախտով, նա տեղաշարժվում է սայլակով: Նախագահի պարտականությունները Չեխիայում հիմնականում արարողակարգային բնույթ են կրում: Այնուամենայնիվ, Զեմանի հոսպիտալացումը տեղի է ունեցել քաղաքական կարևոր պահի․ նախագահի բացակայությունը խոչընդոտում է նոր կառավարության ձևավորմանը: Այժմ խորհրդարանը պետք է որոշի նախագահի լիազորությունները պետության այլ ներկայացուցչի փոխանցելու հարցը, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ: Տաթև Ֆռանգյան