Հոկտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ «Թուրքիա 2021 թ.» զեկույցը, որում տեղ են գտել որոշ շեշտադրումներ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Թուրքիայում բնակվող հայերի վերաբերյալ:
«Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ տրամադրելով ռազմական օգնություն, հետախուզական տվյալներ ու զենք, և, ինչպես հաղորդվում է, աջակցություն օտարերկրյա զինյալների տեսքով»,- նշված է Եվրահանձնաժողովի զեկույցում։
Նշվում է նաև, որ Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման պատճառով Կանադան չեղարկել է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման թույլտվությունը:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները զարգացրել են համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի, ինչպես նաև ակտիվորեն ներգրավված են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային հակամարտություններում՝ չնայած հակամարտող կողմերին քաղաքական և ռազմական աջակցություն տրամադրելուն։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հայ-թուրքական փակ սահմանին: Նշվում է, որ Թուրքիան պետք է մեծացնի ներդրումները՝ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ականապատված տարածքների ականազերծման համար:
Թուրքիայի ժողովրդավարացման վերաբերյալ գնահատականներում անդրադարձ է կատարվում երկրում խոսքի ազատության խնդիրներին: Նշվում է, որ հայկական, հունական և հրեական թերթերին նախատեսվող սուբսիդավորումը պետք է տրամադրվի «Մամուլում գովազդի հարցերով մարմնի» կողմից։
Եվրահանձնաժողովի զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 2007 թ․Թուրքիայում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը: Այդ մասին փաստաթղթում նշվում է. «Սպանությանը մասնակից պետական պաշտոնյաների դեմ դատական գործը ավարտվեց 2021թ․-ի մարտին՝ 77 մեղադրյալներից 37-ի արդարացմամբ։ Իսկ Թուրքիայից փախած 12 մեղադրյալների գործերն առանձնացվել են, քանի որ չէին կարող քննվել այդ գործընթացում»։